Իվան Վուկոմանովիչ. Շոգը մեզ համար չի կարող արդարացում լինել

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Սլովան» խաղից առաջ սլովակների գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ինչպիսի՞ մարզավիճակում է թիմը և որքանո՞վ եք ճանաչում «Փյունիկին»:

– Երկու թիմերն էլ մինչմրցաշրջանային փուլում են և հարյուր տոկոսով պատրաստ չեն խաղին: «Սլովանը» հավաքը սկսել է երեք շաբաթ առաջ: Նախորդ շաբաթ մասնակցել ենք սուպերգավաթի խաղին, որում պարտվել ենք 11-մետրանոց հարվածաշարում:

Հայաստան ենք ժամանել մարտական տրամադրությամբ: «Փյունիկին» ուսումնասիրել ենք տեսանյութերով: Լավ կարծիք ունենք մրցակցի մասին, հարգում ենք նրան: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ «Սլովանը» կցուցադրի իր ուժը և պատասխան խաղից առաջ դրական արդյունքի կհասնի:

– Կիսո՞ւմ եք մամուլում տարածված այն կարծիքը, որ «Սլովանն» ընդգծված ֆավորիտ է: Ի՞նչ նպատակ է դրված ձեր թիմի առջև:

– Մեր թիմը դեռ կառուցման փուլում է: Մեր առջև խնդիր է դրված մինչև մյուս ամառ ուժեղ թիմ պատրաստել: Ցավոք, անցած տարին այդ պատճառով կորցված կարելի է համարել: Հուսով եմ` կունենանք համալրումներ, որոնք կուժեղացնեն մեր թիմը: Նպատակն է տիտղոս նվաճել: Դժվար է ասել՝ արդյո՞ք մենք ֆավորիտ ենք: Գիտենք, որ «Փյունիկը» Հայաստանի լավագույն ակումբներից մեկն է: Վաղվա խաղից հաղթանակ ենք սպասում:

– Ինչպիսի՞ խաղ եք սպասում «Փյունիկից»:

– Ակնկալում ենք տեսնել մոտիվացված թիմ: Ֆուտբոլիստներն ամբողջ տարին խաղում են եվրագավաթներում հանդես գալու հնարավորության համար: Կարծում եմ` «Փյունիկը» կցուցադրի իր ուժը և կամքը:

– Շոգը որքանով կարո՞ղ է խանգարել ձեր թիմին:

– Շոգ եղանակը միայն կարող է պատճառաբանություն լինել: Եթե մի թիմի համար անսովոր շոգ է, ապա նույնը նաև մրցակցի համար է: Բնականաբար, հնարավոր է մրցակիցն ավելի ադապտացված է նման եղանակին, սակայն միևնույն է այն խանգարելու է նրան: Մոսկվայի «Դինամոյում» ես հանդես եմ եկել Ռոման Բերեզովսկու հետ, ով ինձ պատմել է Հայաստանի տաք եղանակի մասին:

– Հայաստանում նախկինում աշխատել է մարզիչ Ժոլտ Հորնյակը: Արդյո՞ք փորձել եք նրանից տեղեկություն ստանալ «Փյունիկի» մասին:

– Ոչ, Հորնյակի հետ ոչ մի շփում չի եղել:

***

Ասուլիսին ներկա էր նաև «Սլովանի» ավագ Բորիս Սեկուլիչը, ում հետևյալ հարցը տրվեց.

– Որքանո՞վ եք ծանոթ հայկական ֆուտբոլին, «Փյունիկին» և ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից:

– «Փյունիկի» մասին գիտենք, որ հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով է համալրված: Մենք խաղաոճերով նման թիմեր ենք. փորձում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել և կարճ փոխանցումներով խաղալ: Վաղը մեր մրցակցից ագրեսիվ խաղ ենք սպասում:

Ինչ վերաբերվում է հայկական ֆուտբոլին, ապա շատ բան չգիտեմ: Ճանաչում եմ միայն Հայաստանի հավաքականի մի քանի խաղացողի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում