ԿԳ․ Չիլին կիսաեզրափակչում 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը։

Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում կայացավ Պորտուգալիա – Չիլի հանդիպումը։ Խաղի ընթացքում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստները Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, սակայն հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին, և հաղթողը որոշեց 11-մետրանոց հարվածաշարով։ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստներն առավել դիպուկ էին և 3։0 հաշվով հաղթանակ տոնեցին։ Պորտուգալացիներից Կլաուդիո Բրավոյի դարպասը չկարողացան գրավել Ռիկարդու Կուարեժման, Ժոաու Մոուտինյոն և Նանին, իսկ Չիլիից դիպուկ հարվածեցին Արտուրո Վիդալը, Չարլես Արանգիսը և Ալեքսիս Սանչեսը։

Եզրափակչում Չիլին մրցելու է Գերմանիա – Մեքսիկա հանդիպման հաղթողի հետ։ Այդ խաղը կայանալու է հունիսի 29-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։ Պորտուգալիան կիսաեզրափակչի երկրորդ զույգի պարտված հավաքականի հետ կպայքարի երրորդ տեղի համար։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում