Գյուլբուդաղյանց. Եթե տղաները չհոգնեին, ապա համառ պայքարը կշարունակվեր

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Սլովան» հանդիպումից (1:4) հետո երևանցիների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Սկիզբը լավ ստացվեց, կարողացանք գոլ խփել: Մրցակիցը գնդակին շատ էր տիրում, բայց մենք լավ էինք պաշտպանվում ու նրանց ստիպում քիչ գոլային պահեր ստեղծել: Հաշիվը հավասարվեց հեռահար հարվածով: Երկրորդ կեսում տղաների մոտ զգացվեց հոգնածությունը: Առաջին կեսում շատ էներգիա էին ծախսել: «Սլովանի» երկրորդ գոլից հետո տղաների համար շատ դժվար էր ֆունկցիոնալ առումով, չկարողացանք հակագրոհների մեր մարտավարությամբ շարունակել»: 

-Պատասխան խաղին ի՞նչ ակնկալիքներով եք մեկնելու:

– Մեր թիմը կազմված է 19-21 տարեկան ֆուտբոլիստներից: Նրանց համար սա մեծ փորձ էր: Առաջին անգամ խաղացին եվրոպական մակարդակի ֆուտբոլ: Պատասխան խաղը նույնպես փորձի առումով օգտակար կլինի:

– Տակտիկական տեսանկյունից որևէ հարցում սխալվե՞լ եք:

– «Սլովանին» լավ էինք ուսումնասիրել: Եթե ավելի հարձակվողական ոճով խաղայինք, արդեն 30-րդ րոպեին մրցակիցը կլուծեր հանդիպման ելքը, անիմաստ կլիներ խաղալ: Կարծում եմ` չեմ սխալվել:

– Նշանակում է՝ «Փյունիկը» պարտության էր դատապարտված․․․

– Ոչ: Մենք խաղադաշտ էինք մտել ողջ ուժերը ներդնելու համար: Եթե 60-րդ րոպեից հետո տղաները չհոգնեին, ապա համառ պայքարը կշարունակվեր: Մինչ այդ լավ էինք խաղում: Դրանից հետո արագություններն այն չէին: Զգացնել տվեց նախապատրաստական քիչ ժամանակ անցկացնելը:

Եթե գիտես հաջողության ինչպիսի չափորոշիչներ սահմանել, ապա ամեն ինչ հեշտ է լինում: Օրինակ, ինձ համար շատ կարևոր տեսնել Հովհաննես Հարությունյանի հաջող խաղը: Նա 1999 թվականին է ծնվել: Մինչ այդ երկու-երեք խաղ էր մեկնարկային կազմում անցկացրել: Այսօր դեպի առաջ մեծ քայլ կատարեց: Մենք ունենք մի քանի խաղացողներ, ովքեր հայկական ֆուտբոլի ապագան են:

– Դարպասապահ Վալերի Հովհաննիսյանի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

– Առաջին երկու գոլերը հեռահար, հիանալի հարվածներով էին, դարպասապահի համար դժվար էր: Եվս մեկը ինքնագոլ էր: Մյուս գոլի դրվագում կարող էր փրկել:

– Եվրոպա լիգայից հետո թիմում համալրումներ լինելո՞ւ են:

– Այո, անպայման լինելու են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում