«Ինտերը» չենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» խորմանկությանը

«Ինտերը» որոշել է «Մանչեսթեր Յունայթեդին» չվաճառել եզրային կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը: Միլանցիները կարծում են, որ առանց այդ տեղափոխության էլ կկարողանան լուծել ֆինանսական ֆեյր-փլեյի համար պահանջված 30 միլիոն եվրոյի եկումուտի հարցը,- տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ներաձուրին» մինչև հուլիսի 1-ը պետք է 30 միլիոն եվրո եկամուտ ունենա (ֆուտբոլիստ վաճառեր), որպեսզի խուսափի ՈւԵՖԱ-ի կողմից 7 միլիոն եվրոյի տուգանքից:

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում էր օգտվել այդ իրավիճակից, և պատրաստվում էր խորվաթի համար պահանջվող 50 միլիոն եվրոյից զգալիորեն քիչ վճարել: «Կարմիր սատանաները» Պերիշիչի համար նախ 30 միլիոն էին առաջարկել, ապա նաև 32, սակայն երկու դեպքում էլ իտալացիները մերժել են: Ավելին, նման քայլը զայրացրել է «Ինտերի» ղեկավարությանը, ովքեր որոշել են 50 միլիոնից պակաս ոչ մի առաջարկ չդիտարկել:

Միաժամանակ, «Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ «ներաձուրին» որոշակի տրանսֆերների շնորհիվ կկարողանա թիմում պահել առաջատարներին: Մասնավորապես, Էվեր Բանեգան 9 միլիոնի դիմաց տեղափոխվելու է «Սևիլյա», Ջանլուկա Կապրարիի համար «Սամպդորիան» կվճարի 13 միլիոն, Սենի Միանգեն 3,5 միլիոնով կտեղափոխվի` «Կալյարի», Ֆեդերիո Դի Մարկոն 2 միլիոնով` «Սիոն», Ֆաբիո Էգուելֆին 1,5 միլիոնով` «Ատալանտա»:

Բոլորը միասին կազմում է 29 միլիոն եվրո: Բացի այդ, Անդրեա Ռանոկիան, Ջորջե Պուշկաշը և Էնդրյու Գրավիլսոնը նույնպես կլքեն ակումբը: Առաջարկներ են ստացվել նաև Մարցելո Բրոզովիչի, Ջեյսոն Մուրիլիոյի ու Գարի Մեդելի վերաբերյալ: Վերջինիս համար «Բոկա Խունիորսը» պատրաստ է 5 միլիոն եվրո վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում