Ամբողջ կարիերան «Շիրակում» անցկացնելուց հետ տեղափոխություն «Բանանց»

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել 34-ամյա պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հետ,- գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 

Փորձառու ֆուտբոլիստն ամողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Նա մասնակցել է Բարձրագույն խմբի 240 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ: «Շիրակի» կազմում Գևորգ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր:

«Արդեն հասցրել եմ մերվել ակումբի և թիմի հետ: Շնորհակալություն եմ հայտնում լավ ընդունելության համար: Հուսով եմ, որ հուսախաբ չեմ անի «Բանանցի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և երկրպագուներին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ ներկայիս ակումբիս հասնել իր առջև դրված նպատակներին»,- ասել է Հովհաննիսյանը:

«Գևորգ Հովհաննիսյանը 34 տարեկան է, բայց ինձ համար տարիքը նշանակություն չունի: Գտնում եմ, որ պաշտպանի համար դա շատ լավ տարիք է: Հայաստանի առաջնությունում նա մեծ փորձ ունի, բավական լավ է խաղում երկրորդ հարկում, ինչը կենտրոնական պաշտպանի համար շատ կարևոր է: Հույս ունեմ, որ իր փորձով օգտակար կլինի թիմին, քանի իր կողքին խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր շատ բան ունեն սովորելու»,- Գևորգ Հովհաննիսյանի տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հավելենք, որ Գևորգ Հովհաննիսյանը նաև մեկ անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում՝ 2016-ի սեպտեմբերին խաղալով Դանիայի դեմ արտագնա խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում