Պորտուգալիայի հավաքականը՝ Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար խաղում պորտուգալացիները 2։1 հաշվով առավելության հասան Մեքսիկայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացվեց 54-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Լուիշ Նետուն․ Խավիեր Էրնանդեսը փոխանցում էր կատարում Կարլոս Վելային, սակայն գնդակը դիպավ Նետուի ոտքին և հայտնվեց դարպասում։ Հանդիպման վերջին րոպեին Պորտուգալիան վերականգնեց հավասարությունը․ աչքի ընկավ Պեպեն։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, և 104-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան՝ անվրեպ իրացնելով Մեքսիկայի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ Երկու րոպե անց Նելսոն Սեմեդուն, երկրորդ դեղին քարտը ստանալով պորտուգալացիների թողեց 10 հոգով։ Սակայն 112-րդ րոպեին թվային հավասարությունը վերականգնվեց․ կարմիր քարտ ստացավ Ռաուլ Խիմենեսը։

Հիշեցնենք, որ առաջին տեղի համար պայքարելու են Գերմանիայի և Չիլիի հավաքականները, հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։00-ին։

Կոնֆեդերացիաների գավաթ, խաղ երրորդ տեղի համար

Պորտուգալիա – Մեքսիկա՝ 2։1
Գոլերը՝ Պեպե 90՛, Սիլվա 104՛ / 11-մետրանոց – Նետու 54՛ / ինքնագոլ
Հեռացումներ՝ Սեմեդու 106՛ – Խիմենես 112՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում