Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը գերմանական Դորտմունդ քաղաքում անցկացվեց ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:

Հունիսի 30-ին պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները. Աշոտ Մխիթարյան՝ 50 կգ քաշային կարգ, Նորայր Հախոյան՝ 55 կգ, Հրաչյա Պողոսյան՝ 60 կգ, Զավեն Միքայելյան՝ 66 կգ, Մալխաս Ամոյան՝ 74 կգ, Արսեն Սարգսյան՝ 84 կգ, Արթուր Մխոյան՝ 96 կգ և Դավիթ Հովասափյան՝ 120 կգ քաշային կարգ:

Նրանցից միայն երեքը հնարավորություն ունեցան պայքարելու մեդալների համար: Աշոտ Մխիթարյանը 2:10 հաշվով զիջեց Թուրքիան ներկայացնող Քեմալ Մութլուին: Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Թեոդոր Հորատաուի նկատմամբ: Մալխաս Ամոյանը 3-րդ տեղի համար պայքարում 7:4 հաշվով հաղթեց Կազիմիր Պլամենովին:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեց 2 բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ մինչ այդ երիտասարդ ազատոճայինները 3 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Հովհաննես Մաղաքյանը, իսկ Արսեն Հարությունյանը և Կարեն Զուրաբյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում