Սեյրան Նիկողոսյան. Սպասվածից վատ հանդես եկանք

Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցեց աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չարդարացրեց` ոչ մի մասնակից եզրափակչում:

«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է եւ տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց:

Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է:

Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարեւոր է, քանի որ առջեւում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի եւ Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Նիկողոսյանը:

Մարզիչը նշել է, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում և կմասնակցեն ներքին մրցաշարերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում