«Բանանցի» ակադեմիան նոր տնօրեն ունի

Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:

Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նա որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-ից 17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը:

Հրաչ Աղաբեկյան («Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն)

«Ինչպես հայտնի է, մեր ակումբի համար առաջնային ուղղություն է ֆուտբոլիստների պատրաստման գործընթացի զարգացումը: Համոզված եմ, որ Իլշատ Ֆայզուլինը կօգնի «Բանանցին» բարելավել այդ գործընթացը և ակումբը կբարձրանա նոր մակարդակի վրա: Մեր նպատակն է, որպեսզի «Բանանցի» առաջին թիմը համալրված լինի ակումբի այնպիսի սաներով, որոնք կունենան լավ ֆուտբոլային որակներ, կլինեն մրցունակ, կօգնեն թիմին զբաղեցնել բարձր հորիզոնականներ, բարձր կպահեն ակումբի պատիվը, լավ հանդես կգան Հայաստանի հավաքականում և հաջողությունների կհասնեն միջազգային ասպարեզում»:

Իլշատ Ֆայզուլին («Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրեն)

«Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբին հրավերի համար և այն ծավալի աշխատանքի համար, որը ցանկանում են ինձ վստահել: Աշխատանքներն ուղղված կլինեն ֆուտբոլիստների պատրաստման գործընթացի բարելավմանը, իսկ ինչ վերաբերվում է փոփոխություններին, ապա դրանք կկատարվեն աստիճանաբար՝ հիմնվելով այն հիմքի վրա, որն արդեն այստեղ գոյություն ունի»,- ասել է Իլշատ Ֆայզուլինը:

«Բանանցի» ակադեմիայի արդեն նախկին տնօրեն Արտաշես Ադամյանն այսուհետ կզբաղեցնի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում