«Ուիմբլդոն»․ Ջոկովիչն ու Ֆեդերերը դուրս եկան երկրորդ շրջան՝ խաղալով 40 րոպե

«Մեծ Սաղավարտի» երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում» ավարտվեցին առաջին շրջանի հանդիպումները։

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց։ Սերբ թենիսիստն ընդամենը 40 րոպե խաղաց սլովակ Մարտին Կլիժանի հետ։ 3։6, 0։2 հաշվի ժամանակ Կլիժանը վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։ 30-ամյա Ջոկովիչի հաջորդ մրցակիցը չեխ Ադամ Պավլաշեկն է, ով պայքարից դուրս է թողել Էրնեստո Էսկոբեդոյին։

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը ևս առանց ավելորդ ջանքերի դուրս եկավ երկրորդ շրջան։ Ֆեդերերը 43 րոպե խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ։ 3։6, 0։3 հաշվի ժամանակ 28-ամյա Ալեքսանդրը հրաժարվեց պայքարից։ Երրորդ շրջանի ուղեգրի համար Ֆեդերերը պայքարելու է սերբ Դուշան Լայովիչի հետ, ով մեկնարկային խաղում 6։4, 6։4, 6։4 հաշվով առավելության է հասել հույն Ստեֆանո Ցիցիպասի նկատմամբ։

Նովակ Ջոկովիչն իր ու Ֆեդերերի հեշտ հաղթանակների վերաբերյալ հումորային մեկնաբանություն է տվել․

«Հանդերձարանում ես ու Ռոջերը ծիծաղեցինք, գուցե արժեր դուրս գալ կենտրոնական կորտ և մարզումային սեթ անցկացնել», – ասել է սերբ թենիսիստը։

Խաղային օրը հաղթական էր նաև ավստրացի Դոմինիկ Տիմի և չեխ Թոմաշ Բերդիխի համար։ Տիմը 6։4, 6։4, 6։3 հաշվով հաղթեց Վաշեկ Պոսպիշիլին։ 1 ժամ, 55 րոպե տևած հանդիպման ընթացքում ATP վարկանիշային աղյուսակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիմի ակտիվում գրանցվեց 28 «վիններս», 4 բրեյք։ Տիմի հաջորդ մրցակիցը ֆրանսիացի Ժիլ Սիմոնն է։ 

Բերդիխը 6:3, 3:6, 7:6 (7:4), 6:4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ժերեմի Շարդիին և երկրորդ շրջանում խաղալու է ամերիկացի Ռայան Հարիսոնի հետ, ով պայքարից դուրս է թողել Բորնա Չորիչին։

Արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն 3 ժամ, 3 րոպե տևած համառ պայքարում 6:3, 3:6, 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչ Տանասի Կոկինակիսին։ Երրորդ շրջանի ուղեգրի համար դել Պոտրոն կխաղա լատվիացի Էրնես Գուլբիսի հետ։

Կանադացի Միլոշ Ռաոնիչը երեք սեթում 7:6 (7:5), 6:2, 7:6 (7:4) հաշվով առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։ ATP վարկանիշային աղյուսակի 7-րդ համարը 2 ժամ, 15 րոպե տևած հանդիպման ընթացքում թույլ տվեց 4 կրկնակի սխալ, իրացրեց 3 բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից, իր մատուցման ժամանակ պարտվեց 1 գեյմ։ Ռաոնիչի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայել Յուժնին է, ով առաջին շրջանում 6։2, 7։5, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Նիկոլյա Մայուին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում