Միտմանը հակառակ. Աստղային խաղացողն «Արևմուտքից» տեղափոխվել է «Արևելք»

«Յուտա Ջազի» թեթև հարձակվող Գորդոն Հեյվորդը դառնալու է «Բոսթոնի» բասկետբոլիստ: Այդ մասին ամերիկացին հայտնել է «Players Tribune»-ի իր էջում: 27-ամյա խաղացողը «Սելթիկսի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր՝ այդ ընթացքում վաստակելով 128 միլիոն դոլար:

Վերջին տարիների միտման համաձայն, աստղային բասկետբոլիստները նախընտրում են տեղափոխվել կամ մնալ Արևմտյան կոնֆերենցիայում, որտեղ մրցակցությունն ու բասկետբոլի ընդհանուր մակարդակը զգալիորեն բարձր են: Այս ամռանն այդ ճանապարհն արդեն անցել է Փոլ Ջորջը: Ենթադրվում է, որ մյուս տարի նույնը կանի նաև Լեբրոն Ջեյմսը, ում հրավիրում են «Լեյկերս»:

Կարիերան շարունակելու համար Հեյվորդն ընտրություն էր կատարում «Բոսթոնի», «Մայամիի» ու իր հարազատ «Յուտայի» միջև, որի կազմում է անցկացրել ողջ պրոֆեսիոնալ կարիերան:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը միջինը մեկ խաղում վաստակել է 21,9 միավոր, տիրել 5,4 անդրադարձի ու կատարել 3,5 արդյունավետ փոխանցում:

Սպասվում է, որ «Ջազը» կփորձի Գորդոնին փոխարինել «Վաշինգտոնի» բասկետոլիստ Օտո Պորտերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում