Աշոտ Բարսեղյան. Չենք շտապելու, գոլային պահեր անպայման կլինեն

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Գանձասար-Կապանը» վաղը մրցելու է «Մլադոստի» հետ: Չեռնոգորիայում կայացած առաջին մրցավեճում հայկական թիմը զիջել է 0:1 հաշվով: Այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ կապանցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Չեռնոգորիայում կայացած խաղի ընթացքն ու գրանցված արդյունքն իրար չէին համապատասխանում: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ խփած գոլից հետո մրցակիցը մի քանի լավ պահ ուներ»։

-Ինչպե՞ս եք գնահատում նորեկների խաղը: Թիմում վնասվածք ունեցող խաղացողներ կա՞ն:

– Արդեն որերորդ դեպքն է, մենք բարձրակարգ ֆուտբոլիստ ենք հրավիրում, բայց այստեղ ժամանելիս տեսնում ենք, որ նրանք այս պահին ֆունկցիոնալ առումով լավ վիճակում չեն: Բացառություն չեն այս նորեկները: Մարզավիճակ հավաքելու համար շատ ժամանակ պետք չէ: Ենթահարձակվողի դիրքը մեզ համար խնդրահարույց էր. կարողացանք լուծել այն: Մյուս նորեկն էլ ձախ պաշտպան է:

– «Գանձասարի» հնարավորությունները որքա՞ն եք գնահատում:

– Եթե կարողանայինք մրցակցի հարկի տակ գոնե մեկ գոլ խփեինք, շատ ավելի լավ հնարավորություններ կունենայինք: Վաղն առաջնային խնդիրը գոլ բաց չթողելն է, ապա առանց շտապելու մեր պահերը, որոնք անպայման լինելու են, իրացնելը: Չեռնոգորիայում անսպասելի էր, որ որոշ դրվագներում զիջում էինք արագությամբ: Մրցակիցը մեզ գերազանցում էր երկրորդ հարկում, ինչպես նաև «կեղտոտ» ֆուտբոլ էր խաղում: Երևաց, որ տեղեկություն ունեին մեր ֆուտբոլիստների մասին, քանի որ ամեն կերպ փորձում էին շարքից դուրս հանել Մուսոնդային:

– Անցած խաղին Գեղամ Հարությունյանը մեկնարկային կազմում չէր, փոխարինման էլ չմտավ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մեկ շաբաթ առաջ Գեղամը ցավալի վնասվածք ստացավ: Վախենում էինք, որ կոտրվածք է, սակայն պարզվեց, որ միայն ոլորում է: Նա այնքան մեծ կամքի ուժ ունի, որ անհրաժեշտության դեպքում կարող է վաղը կաղալով խաղալ և մեր թիմին օգուտ տալ:

– Նշեցիք, որ «Մլադոստի» հարկի տակ բաց թողած գոլից հետո թիմը կորցրեց կենտրոնացվածությունը: Վաղվա խաղում առաջին գոլը բաց թողնելու դեպքում նույնը չի՞ կրկնվի:

– Մենք պատրաստ ենք ամբողջ 90 րոպե ընթացքում ֆիզիկապես ու հոգեպես պայքարել: Եթե առաջինը գոլ ընդունենք, ուրեմն հարձակման գծում կսկսենք ավելի ակտիվ լինել, որպեսզի երեք գոլ խփենք: Անփույթ 11-մետրանոց էին նշանակել մեր դարպասին, որից հետո ներողություն խնդրեցին, սակայն միևնույն է այդ որոշումը ամբողջ խաղի համար ճակատագրական դարձավ:

– Ներողությո՞ւն… Մրցավարը ներողությո՞ւն խնդրեց 11-մետրանոց նշանակելու համար:

– Բառացի չասաց, բայց տեսավ, որ վրդովեցինք, իսկ մեր օգտին 11-մետրանոց չնշանակելուց և մեր դժգոհությունից հետո նկատեցի, որ զջղաց իր որոշման համար: Ինքս վատ եմ խոսում անգլերեն (բայց իմ խաղացողները չգիտես՝ ինչպես հասկանում են), երբ մոտեցա նրա հետ խոսելու, ձեռքով ցույց տվեց, որ զղջացել է, որ այդպես վարվեց:

– Եվրոպա լիգային մասնակցող հայկական թիմերից ամենալավ հնարավորությունները «Գանձասար-Կապանի» մոտ են մնացել: Այդ հանգամանքը հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս է ազդում թիմի վրա:

– Շատ եմ ցանկանում, որ լավ խաղանք, ուրախացնենք մեր ժողովրդին: Հավատացնում եմ` լավ թիմ ունենք, բայց դեռ այն կառուցման ճանապարհին ենք: Մեր ղեկավարները մեզ ոգևորում ու աջակցում են: Ակումբի նախագահը խաղից հետո բազմաթիվ լավ խոսքեր ասաց: Նրանց որոշ երկրպագուներ ասում էին, որ մենք խաղացինք, նրանք` հաղթեցին: Լավ թիմ ունենք, բայց ցանկանում ենք, որ արդյունքները նույնպես դրական լինեն:

– Գեղամ Հարությունյանից բացի թիմում այլ կադրային խնդիրներ կա՞ն:

– Ջունիոր Մարինին ծնկի ցավեր միշտ ունի, բայց դա նրան չի խանգարում խաղալ: Միշտ ասում է, որ պատրաստ է: Այլ կորուստներ չունենք:

– Մրցակցի մարզիչը Մուսոնդայի խաղն էր առանձնացրել: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Մուսոն միշտ լավ է խաղում: Չեռնոգորցիները միտումնավոր կոշտ ու կեղտոտ էին նրա դեմ գործում, սակայն միևնույն է կարողացավ 12 մենապայքարից 10-ում հաղթել: Իսկական կռիվ տվեց խաղադաշտում: Դրվագներից մեկում նա նույնկերպ պատասխանեց, կոպիտ խաղաց, դեղին քարտ ստացավ, ինչի կապակցությամբ ասում եմ, որ լավ արեց:

– Վաղը ձգտելու եք արագ գոլ խփե՞լ, թե՞ ավելի զգույշ տակտիկայով եք խաղալու:

– Պետք է ավելորդ շտապողականության չդիմենք: Մրցակիցը շատ լավ է հակագրոհում, պետք է թույլ չտանք օգտագործել այդ առավելությունը: Նկատած կլինեք, որ բարձրակարգ թիմերը նույնիսկ պարտվելիս չեն շտապում, որովհետև դա միայն խանգարում է: Պահեր անպայման լինելու են, պետք է համբերատար լինել: Հնարավոր է մի պահ գա, որ երեք հարձակվողով ու նույնքան պաշտպանով խաղանք, բայց հուսանք դրան չի հասնի:

– Պրեսինգի շնորհիվ հնարավոր չի՞ լինի այդ հակագրոհները կանխել:

– Նրանց առավելությունը միայն դա չէ: Շատ բարձրահասակ են ու ստանդարտների ժամանակ վտանգավոր: Մեկ շաբաթ առաջ նրանց գերազանցում էինք, երբ սկսում էինք կարճ ու միջին փոխանցումներով գործել: Հենց այդպես էլ պետք է վաղը խաղանք:

– Եթե խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխվի, դա ֆիզիկական տեսանկյունից ինչպե՞ս կազդի ձեր թիմի վրա: Նախապատրաստվե՞լ եք հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին:

– 11-մետրանոցները մարզել ենք: Հոգեբանական առումով դա շատ կարևոր է: Պարզվեց մեր նորեկ Մանդրիգաուն նշակետից շատ լավ հարվածներ է կատարում: Եթե դրան հասնի, նա նշակետին մոտեցողներից մեկը կլինի: Ինչ վերաբերվում է ֆիզիկական պատրաստվածությանը, ապա հանգիստ եմ, մեր տղաները պատրաստ են դրան:

– Կապանից երկրպագուներ սպասո՞ւմ եք: Վաղվա խաղին նրանց ժամանման կապակցությամբ որևէ քայլեր արվո՞ւմ են:

– Մեր ակումբի ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարել: Երկու անվճար ավտոբուս է տրամադրվելու կապանցիներին մարզադաշտ գալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում