Վուկիչևիչ. Չեռնոգորիայում բոլորը գոհ էին, որ խաղալու ենք «Գանձասարի» հետ, սակայն…

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար-Կապանի» հետ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զգացվեց, որ «Մլադոստի» գլխավոր մարզիչ Դեյան Վուկիչևիչը լրջորեն զգուշանում է հայկական թիմից: Առաջին հանդիպումը նրա թիմը հաղթել է 1:0 հաշվով:

«Գանձասարի» մասին

«Շատ գեղեցիկ քաղաքում ենք: Վաղը մեզ բարդ հանդիպում է սպասվում, որովհետև մրցակիցը Չեռնոգորիայում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց: Անունները դժվարանում եմ արտասանել, բայց հինգ-վեց խաղացող շատ լավ տպավորություն թողեցին»:

Առաջին խաղի մասին

«Մեր հարկի տակ առաջին կեսում այնպես խաղացինք, ինչպես ես էի ցանկանում, սակայն երկրորդում մրցակիցը կարող էր մի քանի գոլ խփել: Առաջին խաղը չէր կարող որոշիչ լինել, որովհետև վաղը մրցելու ենք մի թիմի դեմ, որը սեփական հարկի տակ շատ լավ է գործում: Կփորձենք մեկ գոլ խփել, որից հետո ավելի հեշտ կլինի: Չենք ցանկանում փակվել մեր կիսադաշտում»:

Հնարավորությունների մասին

«Խաղից առաջ միայն կարող ենք ցանկություններից խոսել, բայց ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում: Հուսով եմ` մեր թիմը կկարողանա իրեն դրսևորել: Հարկավոր է մինչև վերջին րոպեն պայքարել: Ամեն ինչ անելու ենք հաջորդ փուլ անցնելու համար»:

Կորուստների մասին

«Երկու խաղացող ունենք, որոնք մյուսներից ուշ են պայմանագիր կնքել: Նրանք ֆիզիկապես պատրաստ չեն խաղին, ուստի չեն մասնակցի»:

Վիճակահանության մասին

«Խաղից առաջ Չեռնոգորիայում բոլորն ասում էին, որ վիճակահանությամբ մեր բախտը բերել է, սակայն խաղը ցույց տվեց, որ այդպես չէ: Մեզ կարող էր ավելի հեշտ մրցակից բաժին հասնել: Նախորդ հանդիպումից առաջ իմ ֆուտբոլիստներին «Գանձասարի» խաղերի տեսագրությունները ցույց չեմ տվել, որպեսզի նրանք ավելի չլարվեն:

Դրական է, որ գոլ բաց չթողեցինք, բայց դա մեզ ոչինչ չի ապահովում: Ինձ համար ավելի նախընտրելի էր առաջին խաղն այստեղ անցկացնել, 0:1 հաշվով պարտվել, բայց պատասխան խաղը Չեռնոգորիայում կայանար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում