«Գանձասար-Կապանը» պարտվեց և դուրս մնաց Եվրոպա լիգայից

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապանն» ընդունել էր չեռնոգորական «Մլադոստին»: Առաջին խաղում կապանցիները զիջել էին 0:1 հաշվով:

Առաջին կեսում Աշոտ Բարսեղյանի թիմը զգույշ սկսեց, մրցակցին մի քանի անգամ թույլ տվեց վտանագավոր գրոհներ ձեռնարկել, սակայն հետո կարողացավ տիրել նախաձեռնությանը: Դրվագներից մեկում Դամիր Մեմովիչի հեռահար հարվածից հետո գնդակը դիպչեց հորիզոնական դարպասաձողին: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ հաշվով:

Երկրորդ կեսը կապանցիները նույնպես առավելությամբ սկսեցին, գոլային պահերը քիչ էին, սակայն ճնշում էր գործարդվում դարպասին: Այնուամենայնիվ 68-րդ րոպեին բալկանների հազվադեպ հակագրոհներից մեկի ժամանակ Զորան Պետրովիչը հարմար դիրքում ընդունեց գնդակը և դիպուկ հարվածով գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը:

76-րդ րոպեին փոխարինման մտած Սարգիս Շահինյանի հարվածից հետո գնդակը դարպասապահի ոտքերի արանքով հայտնվեց դարպասում: Ցավոք, մրցավարը սխալվեց և խաղից դուրս վիճակ արձանագրեց, ինչը կրկնապատկերի ժամանակ պարզ դարձավ, որ սխալ որոշում էր․ ձախ պաշտպանի դիրքում գտնվող ֆուտբոլիստն ավելի հետ էր, քան Գեղամ Հարությունյանը, ում մոտ, դարպասապահին խանգարելու կասկածանքով, խաղից դուրս գրանցվեց:

Խաղի վերջում «Գանձասարի» վերջին գրոհների ալիքներից մեկի ժամանակ Վարդան Բակալյանը վտանգավոր հարված կատարեց, բայց դարպասապահը փրկեց թիմին

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում հյուրերը երկու անգամ արագ հակագրոհ կազմակերպեցին, որոնց արդյունքում գոլերի հեղինակ դարձան Անդրիյա Կալջերովիչ, Նիկո Ռաչևիչը: Գրանցվեց 0:3 հաշիվը և «Գանձասար-Կապանը» դուրս մնաց Եվրոպա լիգայից:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում