Ջոկովիչ. Չեմ հասկանում՝ ինչու է Մակինրոյն ինձ համեմատում Թայգեր Վուդսի հետ

«Մեծ սաղավարի» մրցաշարերի 12-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է ամերիկացի հռչակավոր նախկին թենիսիստ Ջոն Մակինրոյի խոսքերը։ Վերջինս նրան համեմատել է գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ:

Մակինրոյը սերբի մասին խոսելիս ընդգծել էր. «Վուդսը խնդիրներ ուներ կնոջ հետ, որից հետո շեղվեց ճանապարհից և երբեք չվերադարձավ նախկին մակարդակին»:

Ջոկովիչի պատասխանը. «Դա որպես անձական վիրավորանք չեմ ընդունում: Միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Ջոնի հետ: Հավանաբար դա նրա կարծիքն է, քննադատությունը կամ այլ ինչ-որ բան: Նա իրավունք ունի ասելու այն, ինչ ցանկանում է: Ես պարտավոր չեմ համաձայնվել: Չեմ հասկանում, թե այդ համեմատությունն ինչի հիման վրա է անում:

«Ուիմբլդոնի» ընթացիկ խաղարկությունում իմ առաջին խաղից առաջ, նախավարժանքի ժամանակ, նա հաղորդում էր վարում: Ես մատուցում էի կատարում և պատահաբար գնդակով հարվածեցի նրան: Միգուցե, նա այդ պատճառով է քննադատում ինձ: Հավանաբար, նա դա լուրջ է ընդունել, իսկ ես զավեշտ համարեցի»,- սերբի խոսքերն է մեջբերում sI.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում