Արամ Ոսկանյան. Այս խաղն ինձ համար հարյուր մարզում արժեր

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կարծիք է հայտնել իրանական «Փարս Ջոնուբի» Ջոմի դեմ ստուգողական հանդիպման (0:0) մասին: 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում երևանցիների պաշտոնական կայքը:

«Շատ լավ խաղ էր, ամուր մրցակից էր՝ համալրված փորձառու ֆուտբոլիստներով: Որքան տեղեկացա, կային նաև հավաքականի նախկին ֆուտբոլիստներ: Առաջին կեսը բարդ ստացվեց, որովհետև բոլորովին տեղեկություն չունեինք մրցակցի մասին, դրա համար մի քիչ հետազոտելով և ավելի զգույշ էինք խաղում: Երկրորդ կեսում որոշ փոփոխություններ կատարեցինք և խաղն ավելի լավ սկսեց ստացվել: Ունեցանք հակագրոհներ և երկու շատ վտանգավոր պահ: Մրցակցի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, բայց չէի ասի, որ նրանք վերահսկում էին խաղը: Խաղը մենք էինք վերահսկում, քանի որ մտածել էինք խաղալ հակագրոհներով: Ուղղակի պետք է օգտագործեինք մեր երկու պահերը և ավելի հեշտ կլիներ»:

– Երկրորդ կեսում Ջոկովիչը նահանջել էր: Դա Ձե՞ր ցուցումն էր: Հետո նա հանդես եկավ կենտրոնական հարձակվողի դիրքում: Ի՞նչ տպավորություններ ունեք նրա խաղից:

– Նշեցի, որ մենք չէինք ուսումնասիրել մրցակցին և հենց սկզբից ամենամեծ խնդիրներն առաջացնում էր իրենց ձախ պաշտպանը: Նա շատ լավ տպավորություն թողեց և իրենից էլ գալիս էր սրությունը: Երկրորդ կեսում Ջոկովիչին ասացինք, որ մինչև վերջ խաղա այդ ֆուտբոլիստի հետ, չնայած նրան, որ առանց այդ էլ նա խաղում էր ամբողջ դաշտի երկայնքով: Դրա արդյունքում երկրորդ կեսում ավելի քիչ վտանգ եղավ, քան առաջին կեսում էր: Ինչ վերաբերվում է հարձակման գիծ տեղափոխելուն, ապա Նորայր Գյոզալյանը մեծ ծավալի աշխատանք էր կատարել և հոգնել էր: Բացի այդ մրցակցի պաշտպանությունում մեծ տարածություններ կային, իսկ Ջոկովիչն արագ ֆուտբոլիստ է և կարող էր փախնել ու գոլ խփել: Եղավ պահ, փախավ, բայց չկարողացավ կատարել:

– Ինչպիսի՞ն է լինելու Մալաքյանների ճակատագիրը:

– Երևի թե վաղն ամեն ինչ պարզ կլինի, բայց մեծ է հավանականությունը, որ նրանք կմնան «Բանանցում»:

– Արդեն երկրորդ խաղն է, որ ավարտվում է 0:0 հաշվով: Կարծես՝ չլինի կենտրոնական եզրափակող հարձակվող կամ կան և վատ մարզավիճակում են գտնվում: Չի՞ անհանգստացնում այդ փաստը:

– Իհարկե, անհանգստացնում է, որ գոլ չենք խփում, բայց պետք է հաշվի առնենք, թե որքան է թույլ տալիս մրցակիցը: Իրանական թիմն ամուր պաշտպանություն ուներ: Մեզ մոտ էլ այսօր կաղաց կատարողական վարպետությունը: Մի դրվագում Մալաքյանը մի փոքր ուշ հասավ գնդակին Ջոկովիչի փոխանցումից հետո, մյուս դրվագում հակառակը եղավ՝ Մալաքյանը շատ նուրբ և գեղեցիկ փոխանցում կատարեց, բայց Ալեքսանդրը սխալ որոշում կայացրեց և տեխնիկանան խոտան եղավ: Բայց ամեն դեպքում, այդ ուղղությամբ էլ կաշխատենք: Թիմը նոր է ձևավորվում և սկսել ենք պաշտպանությունից, բայց հարձակմանն էլ կհասնենք ու դրան մեծ ուշադրություն կդարձնենք հավաքի ընթացքում:

– Ի՞նչն էր պատճառը, որ նախորդ խաղի համեմատությամբ ավելի քիչ փոփոխություններ կատարեցիք:

– Պահեստայինների թվում մեզ մոտ բավական երիտասարդ ֆուտբոլիստներ էին և կոշտ խաղ էր ընթանում: Ռիսկ կար, որ նրանք կարող էին վնասվածքներ ստանալ:

– «Բանանցի» մանկապատանեկան դպրոցի նոր պատասխանատու է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը: Ինչպիսի՞ն է լինելու նրա հետ համագործակցությունը:

– Հավաքից վերադառնալուց հետո ժողով կկազմակերպենք: Միանշանակ սերտ համագործակցություն է լինելու իմ և նրա միջև: Հայաստանյան շատ բաներից հնարավոր է, որ նա դեռ տեղյակ չէ: Շատ հարցերում ես կօգնեմ: Պետք է ամեն ինչից տեղեկացված լինել, որպեսզի ճիշտ հունի վրա դնել ամեն ինչ:

– Վրաստանում հավաք եք անցկացնելու: Ո՞րն է լինելու նպատակը և արդյո՞ք նորեկներ փորձարկվելու են այնտեղ:

– Այո, կլինի մեկ կամ երկու նորեկ: Հավաքի գլխավոր նպատակը խաղերն են, այնտեղ կլինեն հիմնականում տակտիկական մարզումներ: Կրկին որոշ չափով կխաղանք ծանրաբեռնված ֆոնի վրա, որը հավաքի ժամանակ շատ կարևոր է, բայց հիմնական նպատակը ֆուտբոլիստների, օղակների համագործակցությունն է: Միայն մարզումներով չես կարող հասկանալ, թե ով ում հետ ինչպես կարող է համագործակցել: Ինձ համար այս խաղը հարյուր մարզում արժեր: Նման խաղերը ֆուտբոլիստներին ավելի են ուժեղացնում:

– Նորեկներ ո՞ր դիրքի խաղացողներ են լինելու:

– Կլինի եզրային հարձակվող և կենտրոնական պաշտպան: Հնարավոր է նաև մեկ հարձակվող:

– Իրանական թիմի մարզիչը նշեց, որ ֆիզիկական թիմ է «Բանանցը»: Մրցաշրջանի այս պահի համար գո՞հ եք թիմի ֆունկցիոնալ վիճակից:

– Իհարկե: Մենք էլ, երբ խաղից հետո զրուցեցինք մարզչական շտաբով, նկատեցինք, որ 1-ից 90-րդ րոպեն թիմը թարմ էր: Պետք է նշել, որ իրանական թիմերի համար բնորոշ է լավ ֆիզիկական վիճակը: Եվ այն որ մենք չզիջեցինք, իսկ որոշ տեղերում էլ գերազանցեցինք, ինձ համար շատ ուրախալի է: Այս հատվածի համար նորմալ է, բայց դեռ պետք է ավելացնենք և ավելի թեթևություն կգա մրցաշրջանի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում