Մալխաս Ամոյան. Միայն հաղթանակի համար ես գորգ դուրս գալիս
Նմանատիպ
Գերմանական Դորտմունդ քաղաքում վերջերս ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը 2 բրոնզե մեդալ նվաճեց։
74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը Sport.Times.am-ին տված մեկնաբանությունում նշեց, որ թեև առաջին մեդալն է երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, բայց արդյունքից այնքան էլ գոհ չէ․
«Գոտեմարտերիս ընթացքում սխալներ կային։ Կփորձեմ դրանք շտկել, որպեսզի մյուս մրցաշարերին ավելի լավ հանդես գամ»,- ասաց նա։
Մալխաս Ամոյանը դեռ 18 տարեկան է, բաց նրա համար խնդիր չէ իրենից 2 տարի մեծ ըմբիշների հետ գոտեմարտելը։ Ըստ նրա, 2 տարին մեծ տարբերություն չէ․
«Գորգ միայն մեկ նպատակով ես մտնում ՝ հաղթանակի, ու արդեն էական չէ` մրցակիցդ քանի տարեկան է»:
Եվրոպայի առաջնության ընթացքում Մալխասի համար ամենաբարդը եղել է կիսաեզրափակիչ գոտեմարտը Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիևի հետ, ում զիջեց 1։4 հաշվով։
Օգոստոսի 1-ից 6-ը ֆիննական Տամպերե քաղաքում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշը պատրաստվում է լավ տրամադրությամբ․
«Չեմ սիրում մրցաշարերից առաջ խոստումներ տալ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի ավելի լավ հանդես գամ աշխարհի առաջնության ժամանակ»,- խոսքը եզրափակեց Ամոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում