«Ուիմբլդոն». Ֆեդերերի ռեկորդային կիսաեզրափակիչը, Ջոկովիչը լքում է մրցաշարը (տեսանյութ)

«Ուիմբլդոն». Ֆեդերերի ռեկորդային կիսաեզրափակիչը, Ջոկովիչը լքում է մրցաշարը (տեսանյութ)

«Ուիմբլդոնում» տեղի են ունեցել քառորդ եզրափակչի վերջին երկու խաղերը:

Ռոջեր Ֆեդերերը մրցել է Միլոշ Ռաոնիչի հետ և հեշտ հաղթանակ տոնել․ գրանցվել է 6:4, 6:2, 7:6 (4) հաշիվը: Միայն երրորդ սեթում է կանադացին կարողացել մրցակցի մատուցման ժամանակ որոշակի պայքար ցուցաբերել, ինչի արդյունքում 5 բրեյք-փոինթ է ունեցել, սակայն ամեն անգամ Ռոջերը կարողացել է անսխալ գործել:

Կիսաեզրափակչում 35-ամյա թենիսիստը մրցելու է Թոմաշ Բերդիխի հետ: Չեխը քառորդ եզրափակչում խաղում էր Նովակ Ջոկովիչի հետ, սակայն նրանց հանդիպումն ընդամենը 1 ժամ ու 5 րոպե է տևել: 6:7 (2), 0:2 հաշվի ժամանակ Ջոկովիչն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:

Սերբը «Մեծ սաղավարտի» մրցումներում վերջին անգամ պայքարն անավարտ էր թողել 2009 թվականին` Ավստրալիայի բաց առաջնությունում:

Նշենք, որ Ֆեդերերը 12-րդ անգամ մտավ «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ, ինչը նոր ռեկորդ է: Նախկին լավագույն ցուցանիշը նա կիսում էր Ջիմի Քոնորսի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում