Ինչպիսի՞ն կլինի Մադրիդի «Ռեալը» գալիք մրցաշրջանում

Ինչպիսի՞ն կլինի Մադրիդի «Ռեալը» գալիք մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալը» սկսել է պատրաստվել գալիք մրցաշրջանին: Նախամրցաշրջանային փուլում նախատեսված են մի քանի հանդիպումներ գրանդ ակումբների հետ: Բացի այդ, այս ամառվա ընթացքում երկրպագուներն ականատես կլինեն երեք «Էլ Կլասիկոյի»՝ մեկը «International Champions Cup»-ի, մյուս երկուսը՝ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում: Sporttimes.am-ը վերլուծել է նախորդ մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղն ու մադրիդյան ակումբի արդեն իսկ ձեռք բերած տրանսֆերները:

Նախորդ մրցաշրջանի մասին

«Արքայական ակումբի» համար նախորդ մրցաշրջանը պարզապես հիանալի դասավորվեց՝ հատկապես տիտղոսների առումով: «Ռեալը» 5 տարվա դադարից հետո վերջապես հռչակվեց Լա Լիգայի չեմպիոն ու դարձավ առաջին ակումբը ՉԼ-ի 25-ամյա պատմության մեջ, որը երկու տարի անընդմեջ հաղթում է հին աշխարհի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը: Բայց, մրցաշրջանի վերջում խաղային սխեմայի ճարահատյալ փոփոխությունն ու դրա դրական արդյունքը, գալիք մրցաշրջանում կարող է գլխացավանք դառնալ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար:

Խաղային սխեմայի երկընտրանք

«Ռեալը» նախորդ մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 51 հանդիպում (Լա Լիգայում և ՉԼ-ում), որից 34-ը՝ 4-3-3, հինգը՝ 4-3-1-2, մնացածն էլ այլ խաղային սխեմաներով: Հատկանշական է, որ Զինեդին Զիդանը 4-3-3-ից անցում կատարեց 4-3-1-2-ին, քանի որ Բեյլը վնասվածք ուներ: Բայց, այդ սխեման այնքան արդարացրեց իրեն, որ հենց դրա շնորհիվ մրցաշրջանի վերջնամասի կարևորագույն խաղերում թիմը կարողացավ հաղթանակներ տոնել: Քննարկենք այդ սխեմաններն ավելի մանրամասն:

4-3-3

Մրցաշրջանի զգալի մասը «Ռեալի» մեկնարկային կազմն ուներ հետևյալ տեսքն ու դասավորությունը.

 

Սա հենց այն սխեման է, որով թիմը հանդես է գալիս վերջին 3-4 տարիների ընթացքում՝ ընդ որում 3 տարբեր մարզիչների գլխավորությամբ՝ Անչելոտի, Բենիտես, Զիդան: Թվում է թե բոլոր ուժեղագույնները խաղադաշտում են, բայց…

Իսկոյի, Ասենսիոյի և Մորատայի նման տաղանդները տեղ չեն ունենում այս համակարգում: Առավել հատկանշական է այն փաստը, որ այս 3 ֆուտբոլիստներից առնվազն 2-ը՝ չհաշված Մորատային, չեն տեղավորվում 4-3-3 սխեմայում, քանի որ բոլորն էլ իրենց լավագույն խաղ ցուցադրում են ենթահարձակվողի, կամ 10 համարի դիրքում: Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո ոչ մի մարզիչ մշտական հիմունքներով չի կիրառել 4-2-3-1 տակտիկական սխեման, որտեղ լավագույնս ընդգծվում է ենթահարձակվողի դիրքը: Հենց դրանով էլ կարելի է բացատրել այն, որ Իսկոյի և Խամեսի նման գերհզոր ֆուտբոլիստները, որոնց խաղի վրա ուղղակիորեն ազդում է խաղային դիրքը, վերջին տարիներին կայուն խաղ չեն ցուցադրում:

4-3-1-2

Այս սխեմային անցնելը, իմ կարծիքով, Զինեդին Զիդանի լավագույն որոշումն է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Հենց այսպիսի դեպքերում է երևում մարզչի ուժեղ և թույլ կողմերը: Կառլո Անչելոտին իր ինքնակենսագրականի մեջ նշել էր, որ «Ռեալում» գտնվելու ընթացքում ցանկանում էր թիմի խաղը կառուցել այնպես, որ հարձակումն անցներ 4-3-3, իսկ պաշտպանույթունը՝ 4-4-2 դասավորությամբ, բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում դրա համար: Ինչպես ասում են՝ մարդ պետք է սովորի ոչ թե իր, այլ ուրիշների սխալների վրա: Այդպես էլ վարվեց Զիդանը: Շատերը մինչև հիմա կարծում են, որ այս խաղային սխեման պատահականության և անճարության արդյունք էր, բայց ո՛չ: Ավելի քան վստահ եմ, եթե մրցաշրջանի վերջին խաղերում Բեյլը հասցներ ապաքինվել վնասվածքից, միևնույնն է խաղադաշտ էր դուրս գալու Իսկոն, իսկ թիմը խաղալու էր 4-3-1-2 դասավորությամբ, որն ունի հետևյալ տեսքը.

Ես սա անվանում եմ «Զիդանի գլուխգործոցը»

Այս սխեմայի առանցքային մասն է՝ թվային առավելություն մրցակցի նկատմամբ խաղադաշտի յուրաքանչյուր կետում: Եթե 4-3-3-ի ժամանակ 3 ֆուտբոլիստ էր հայտնում նույն գոտում, հիմա նրանց ավելացել է ևս մեկը: Այդ ֆուտբոլիստն Իսկոն է, Զիդանի «Ջոկերը»: Կիսապաշտպանությունում՝ ավելի կոմպակտ, եզրերում էլ՝ պաշտպանին, կենտրոնական կիսապաշտպանին և հարձակվողին հավելյալ օգնություն: Այս սխեմայում տոտալ ազատություն է ստանում Իսկոն: Իսկ ամենակարևորն այն է, որ հարձակման եռյակի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է խաղի ընթացքում փոխել իր խաղային դիրքը՝ չքանդելով կոնստրուկցիայի հիմքը: Եթե Ռոնալդուն ուզում է տեղափոխվում է ձախ եզր, Մարսելոն նահանջում է, փոխարենը ակտիվորեն գրոհին միանում է աջ եզրային պաշտպան Կարվախալը, իսկ Բենզեման մնում է 9 համարի դիրքում: Երբ Բենզեման նահանջում է ենթահարձակվողի դիրք, ապա Իսկոն տեղափոխվում է եզր, որտեղ պետք է ճզմել մրցակցին և թվային առավելության շնորհիվ ազատ գոտիներ գտնել:

Զիդանի առջև բարդ խնդիր է դրված, գալիք մրցաշրջանում հիմնական սխեմա ընտրելու առումով՝ 4-3-3 Բեյլով, թե 4-3-1-2՝ Իսկոյով: Կա մի տարբերակ, որի դեպքում կարելի է համատեղել այս սխեմաները, բայց դժվար է պատկերացնել թե ինչ կստացվի: Դա Գարեթ Բեյլին 4-3-1-2 խաղային սխեմայում ենթահարձակվողի դիրքում օգտագործելն է: Համաձայն եմ, պայթյունավտանգ գաղափար է, բայց ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին դուրս թողնել մեկնարկային կազմից, Զիդանին թույլ չի տա Ֆլորենտինո Պերեսը: Բայց պետք չէ մոռանալ, որ այժմ տրանսֆերային պատուհանն է և «Ռեալն» այն ակումբն է, որից միշտ պետք է որևէ արտասովոր բան սպասել այս ընթացքում:

Տրանսֆերներ

Այդպիսի արտասովոր իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ՝ «Ռեալը» վաճառի Իսկոյին կամ Գարեթ Բեյլին, իսկ փոխարենը ձեռք բերի Կիլիան Մբապեին: Թե ինչպիսի սխեմա և մարտավարություն կարող է ընտրել Զիդանը դեպքերի այսպիսի զարգացման դեպքում, նույնիսկ չեմ էլ պատկերացնում: Բայց դա չէ կարևորը, այլ կենտրոնական պաշտպան Պեպեի բացը լրացնելը: Ճիշտ է կա Նաչո և Խեսուս Վալյեխո՝ 20-ամյա ակումբի սանը, ով վերադարձել է վարձակալական հիմունքներով Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» մեկ տարի անցկացնելուց հետո: Այնուամենայնիվ, թե՛ Նաչոն, թե՛ Վալյեխոն այն ֆուտբոլիստները չեն, որոնք կարող են արժանիորեն փոխարինել Պեպեին: Այս պահի դրությամբ նրանք մակարդակով զիջում են պորտուգալացի պաշտպանին: Եվ եթե հաշվի առնենք, որ Ռամոս, Վարան, Պեպե, Նաչո քառյակն ունենալու դեպքում երբեմն «Ռեալը» խնդիրներ էր ունենում պաշտպանության կենտրոնում, ապա նոր կենտրոնական պաշտպանի անհրաժեշտությունն ավելի է մեծանում:

Բոլորովին վերջերս մադրիդյան ակումբը ձեռք բերեց «Ատլետիկոյի» երիտասարդ ձախ պաշտպան Թեո Էրնանդեսին, իսկ Ֆաբիո Կոենտրաուն վարձավճարով տեղափոխվեց Լիսաբոնի «Սպորտինգ»:

Որքան էլ զարմանալի է, բայց Ալվարո Մորատային գրեթե չանդրադարձա: Պատճառն այն է, որ այս օրերին շատ է խոսվում, որ իսպանացի կարող է այլ ակումբ տեղափոխվել:

Պարադոքսալ է, բայց «Ռեալը» այն թիմերից է, որը համալրումների կարիք չունի: Ընդհակառակը, առնվազն մեկ-երկու ֆուտբոլիստի պետք է բաց թողնել՝ այդպիսով թիմում կայունություն պահպանելու համար: Ինչևէ, սպասենք նախամրցաշրջանային փուլին:


Միհրան Ալեքսանյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում