Կարեն Բարսեղյան. Նպատակը մեկն է` դառնալ չեմպիոն

Կարեն Բարսեղյան. Նպատակը մեկն է` դառնալ չեմպիոն

«Գանձասար-Կապանի» նոր գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությունը

– Շնորհավորում ենք «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Արդեն առաջին մարզումն անցկացրել եք, ի՞նչ տպավորություններ ունեք։

– Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Իմ տպավորությունները «Գանձասարի» նկատմամբ միշտ էլ դրական են եղել։ Առաջին մարզումը հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, չնայած, որ մենք բոլոր ֆուտբոլիստներին ճանաչում ենք շատ լավ։ Ընթացքում ավելի մոտիկից կծանոթանանք ֆուտբոլիստների հետ և կփորձենք առաջ շարժվել։

– Թիմում ձեզ ինչպե՞ս ընդունեցին։

– Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն հենց իրենք՝ ֆուտբոլիստները, թե ինչպես ընդունեցին ինձ։ Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է, բարձր մակարդակի վրա։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։

– Ի՞նչ նպատակներով եք գալիս «Գանձասար-Կապան»։

– Նպատակը մեկն է, եթե նախորդ առաջնությունում այս թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, ապա այս տարի ձգտելու ենք առաջին տեղին, որպեսզի դառնանք Հայաստանի չեմպիոն և իհարկե պետք է նվաճենք գավաթը։ Հասկանալի է, որ խնդիրը շատ բարդ է, քանի որ Հայաստանում վեց թիմերից բոլորն էլ ձգտում են նույն հաջողությանը հասնել, բայց մենք կփորձենք հասնել մեր ուզածին։ Թե ինչպես կստացվի, ցույց կտա ժամանակը։

– Նախկին գլխավոր մարզչի՝ Աշոտ Բարսեղյանի հետ արդեն զրուցե՞լ եք։

– Այո, իհարկե։ Օգտվելով առիթից ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան կատարած աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նա շատ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել, կփորձեմ շարունակել նրա գործը, որպեսզի հաջողությունը շարունակական լինի։ Մենք ոչինչ չենք փորձելու «քանդել ու նորից սարքել», որովհետև բավականին լավ կոլեկտիվ է, մարտունակ թիմ։ Մենք փորձելու ենք մեր մտահղացումները, մտքերն ու նպատակները փոխանցել ֆուտբոլիստներին։

– Երկրպագուներին ի՞նչ հղում ունեք, նրանք ի՞նչ պետք է սպասեն նոր գլխավոր մարզչից։

– Երկրպագուներին խորհուրդ կտամ գալ ու աջակցել մեզ։ Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք կխաղանք այն ֆուտբոլը, որը դուր կգա երկրպագուներին։ Խոստանում եմ, որ ամեն խաղին կլինի բարձր նվիրում և կփորձենք արդարացնել սպասելիքները թե՛ երկրպագուների, թե՛ ակումբի ղեկավարության։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում