Խաշմանյան. Բազմաթիվ գոլեր ենք խփել, սակայն որոշ «գիտնականներ» դժգոհ են
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ալաշկերտ» – ԲԱՏԷ պատասխան հանդիպումից առաջ երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում գրանցվել է 1:1 հաշիվը:
– Գո՞հ եք առաջին խաղում գրանցված արդյունքից:
– Եթե արտագնա խաղը 1:1 հաշվով է ավարտվել, բնականաբար դա մեզ գոհացնող արդյունք է:
– Հայ երկրպագուների մոտ ֆուրոր է: Ձեր ֆուտբոլիստներն ինչպե՞ս են տրամադրվում խաղին:
– Գիտեմ, որ վաղը մարզադաշտում շատ մարդ կլինի: Չեմ ուզում, որ իմ սաների մոտ նույնպես ֆուրոր լինի: Նրանց մի փոքր այլ կերպ եմ նախապատրաստում խաղին: Եթե նրանց մեջ հիմա ֆուրոր լինի, դա կարող է խանգարել: Հարկավոր է առավելագույնս արդյունավետ պատրաստվել հանդիպմանը:
– «Ալաշկերտից» սպասելիքները շատ են: Դա ինչպե՞ս կազդի թիմի վրա:
– Մեր թիմից սպասելիքները միշտ էլ շատ են: Մեր հերթին փորձում ենք արդարացնել դրանք: Թույլ չեմ տա, որ թիմում ճնշում լինի: Նրանց մտքերում միայն խաղը պետք է լինի:
– Առաջին խաղից հետո կարծիքներ կային, որ «Ալաշկերտը» լավ ֆուտբոլ չխաղաց, պաշտպանողական ոճով էր գործում: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Սովոր ենք նման խոսակցություններին: Վատ է, որ հայերի մեջ շատ են նման մարդիկ: Լսել եմ նման խոսակցություններ: Միշտ պետք է հաշվի առնել, թե ում հետ ես խաղում, մրցակցի հնարավորությունները: Ինչ վերաբերվում է «Ալաշկերտին», ապա պետք է առաջնորդվել փաստերով: Իմ թիմը վերջին երկու տարում 120-ից ավելի գոլ է խփել, սակայն մինչև հիմա որոշ ֆուտբոլային «գիտնականեր» խոսում են Խաշմանյանի մասին: Եթե վերցնենք նաև եվրոպական ասպարեզը, ապա նորից վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Ալաշկերտը» դրական բալանս ունի հաղթանակների, գոլերի… Թող խոսեն․․․
– Թիմում կադրային խնդիրեն կա՞ն: Արտակ Գրիգորյանը որքանո՞վ է պատրաստ խաղին:
– Լուրջ խնդիր ունենք: Մի քանի օր առաջ վնասվածք ստացավ Արթուր Եդիգարյանը, ով 99 տոկոսով պետք է խաղադաշտում լիներ, նա մեզ համար մեծ ուժ է: Քանի որ դաշտի կենտրոնում խնդիրներ ունենք նաև Արտակ Գրիգորյանի վնասվածքի պատճառով, ապա դա ինձ համար հիմա ամենամտահոգիչ հարցն է:
– Վահագն Մինասյանը «Սանտա Կոլոմայի» դեմ երևանյան հանդիպման ժամանակ փոխարինվեց, իսկ դրանից հետո մեկնարկային կազմում չի հայտնվում: Ո՞րն է պատճառը:
– Վահագնը մեր առաջատար ֆուտբոլիստներից է, թիմի ավագը: Փոխարինվել էր, որովհետև առջևի գծում նրանից ավելի շատ ակտիվություն էինք սպասում: Դրանից հետո սկսեց խաղալ Խովբոշան, ով բավականին լավ ֆուտբոլ է ցուցադրում: Կարևոր է ճիշտ կազմ ընտրել, բոլոր խաղացողներն ինձ համար հավասար են:
– «Ալաշկերտին» 0:0 հաշիվը գոհացնում է: Առաջնային խնդիրը լինելու է դարպասն անառի՞կ պահելը, թե՞ ձգտելու եք պարտադիր գոլ խփել:
– Եթե խաղադաշտ մտնենք գոլ բաց չթողնելու մտքերով, անպայման կպարտվենք: Առաջին խաղի հաշիվը կարևոր է, սակայն ֆուտբոլն իրավիճակներից է կազմված: Մենք կխաղանք ըստ իրավիճակի: Բնականաբար, առաջնային շեշտը կդրվի պաշտպանության վրա, սակայն դա չի նշանակում, որ չենք գրոհելու: Ձգտելու ենք խաղալ նախաձեռնությունով: Ըստ իրավիճակների` կարող ենք խաղալ այնպես, ինչպես մեզ է ձեռնտու:
– 11-մետրանոցների հարվածաշարին պատրաստվե՞լ եք:
– Ոչ, դա մի փոքր բախտի գործոն ունի: Ունենք 11-մետրանոց հարվածները լավ իրացնողներ, նրանք էլ կմոտենան նշակետին: Բայց ես չէի ուզի, որ գործը դրան հասներ:
– «Սանտա Կոլոմայի» հետ խաղերում Նենադովիչն էր ձեր թիմի գոլերը խփում, բայց ԲԱՏԷ-ի դեմ մրցավեճում պահեստայինների նստարանին էր: Ինչո՞ւ նման կերպ որոշեցիք:
– Կազմն ընտրում եմ ըստ մրցակցի: Այդ խաղի մարտավարությունից, ֆունկցիոնալ վիճակից ու խաղային սխեմայից էինք ընտրել կազմը: Միգուցե, վաղը Նենադովիչը մեկնարկային կազմում լինի:
– Ակումբի ղեկավարությունը խոշոր պարգևատրություն խոստացե՞լ է:
– Ինչպես կարող էր չխոստանալ, ընդ որում շատ-շատ (ծիծաղում է-խմբ.): Մեր ակումբի նախագահը «հիվանդ» է ֆուտբոլով, իր թիմով: Երբեք չի եղել դեպք, որ «Ալաշկերտը» որևէ մեծ հաջողության հասնի, և ակումբի ղեկավարությունն ինչ-որ մեկին դժգոհ թողնի: Այս պահին մեզ համար պարգևավճարներն առաջնային չեն: Հասկանում ենք, որ կարող ենք մեծ բանի հասնենք: Հիմա կարևոր է պատիվը, նվաճման հասնելը: Երբ հաջողության ես հասնում, փողերը կողքից ինքնստինքյան գալիս են:
– Համացանցում շատերն աջակցություն են հայտնում ձեր թիմին: Զգո՞ւմ եք, որ հայ ազգը ձեր կողքին է:
– Այո, զգում ենք: Աշխատում եմ քիչ մտնել ինտերնետ, սակայն վերջերս շատ եմ դա անում, որովհետև ինձ նույնպես հաճելի է այդ աջակցությունը: Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի «Ալաշկերտից», ինչը նշանակում է, որ ինչ-որ բան կարողացել ենք անել նրանց համար: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեր կողքին են և հավատում են մեզ: ԲԱՏԷ-ին հաղթելու համար երեք գործոն է հարկավոր. անմնացորդ նվիրում, կարգապահություն, ֆունկցիոնալ պատրաստություն:
– Հաճախ եք նշում, որ «Ալաշկերտը» պատմություն է կերտում: Որքանո՞վ է թիմը պատրաստ այդ ուղղությամբ նոր քայլ կատարել:
– Եթե անընդհատ կերտում ենք, ուրեմն պատրաստ ենք (ժպտում է-խմբ.): Ամեն ինչ կանենք հաջողության համար: Իմ սաներից մեկ բան եմ պահանջում. իսկական ֆուտբոլ խաղալ: Պետք է նման կերպ հաջորդ փուլ անցնենք:
– Նորեկների խաղի մասին ի՞նչ կասեք:
– Նորեկներից միայն Միլան Յաբլանը խաղաց ԲԱՏԷ-ի դեմ և շատ լավ տպավորություն թողեց: Դեռ 100 տկոսով պատրաստ չեն, բայց արդեն զգացվում է, որ կարող են մեզ մեծ օգուտ տալ:
– Կարեն Մուրադյանի ֆունկցիոնալ վիճակից նույնպես դժգոհ էիք: Ինչ-որ բան փոխվե՞լ է:
– Ի՞նչ կարող էր փոխվել 20 օրվա ընթացքում: Նախկինի պես դժգոհ եմ: Միգուցե, Կարենը վաղը խաղա, քանի որ ինչպես նշեցի խնդիրներ ունենք դաշտի կենտրոնում: Սակայն նախկին ու ներկայիս Կարեն Մուրադյանների միջև շատ մեծ տարբերություն կա:
– Մեկ տարի առաջ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցում էիք Թբիլիսիի «Դիամոյի» հետ: Այդ թիմին կարո՞ղ եք համեմատել ԲԱՏԷ-ի հետ:
– Երկուսն էլ շատ լավ թիմեր են: Սակայն անցած տարվա համեմատ մենք աճել ենք, հետզհետե զարգանում ենք: Եթե նույն մակարդակի վրա մնանք, մեր աշխատանքն անիմաստ կլինի: Ցանկալի կլիներ տեսնեիք, թե Բելառուսում ԲԱՏԷ-ն ինչ ենթակառուցվածքներ, մարզադաշտ ու այլ պայմաններ ունի:
– Ի՞նչ ունեն ասելու հայ երկրպագուներին:
– Կարող եմ խոստանալ, որ առաջինից մինչև վերջին րոպեն նվիրված ենք խաղալու:
Լուսանկարները` «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջի
Միհրան Ալեքսյանյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում