Մխիթարյանի գոլն ու փոխանցումը հաղթանակ պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Մխիթարյանի գոլն ու փոխանցումը հաղթանակ պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին ԱՄՆ-ում նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ընկերական խաղն է անցկացրել: «Կարմիր սատանաները» մրցել են «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը բացել է ամերիկյան թիմը: Քիչ անց, Հենրիխ Մխիթարյանը հավասարացրել է այն: 28-ամյա ֆուտբոլիստը տուգանային հրապարակի մատույցներից կատարած ձախ ոտքի հարվածով եզրափակել է Ռոմելու Լուկակուի ու Ջեսի Լինգարդի ձեռնարկած գրոհը:

Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխի փոխանցումից հետո Լուկակուն մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դիմաց, շրջանցել նրան ու գրավել դարպասը: Դա բելգիացու առաջին գոլն էր նոր թիմում: 

Ընդմիջմանը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն փոխել է ամբողջ կազմը, այդ թվում Մխիթարյանին: Մանչեսթերցիները հանդիպումն ավարտել են 10 ֆուտբոլիստով: Կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել Անտոնիո Վալենսիան:

«Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում մրցավեճին չի մասնակցել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վնասվածքի պատճառով նա հայտավորված չի եղել խաղին:

Ընկերական խաղ
«Ռեալ Սոլթ Լեյք» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2
Գոլերը. Լուիս Սիլվա (23) – Մխիթարյան (29), Լուկակու (38)

Մխիթարյանի գոլը

Խաղի տեսությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում