Չավի. «Բարսելոնան» քնած էր մնացել, «Ռեալը» գերիշխում է բոլոր խաղային գործոններում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայումս հանդես է գալիս քաթարյան «Ալ Սադում», հայտնել է, թե ինչում է թերացել կատալոնական ակումբը, որը թույլ է տվել «Ռեալին» վերջին տարիներին ավելի նշանակալի արդյունքների հասնել: 

«Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «Բարսելոնան» քնած էր մնացել: «Կապտանռնագույներին» հարկավոր է համալրել ակումբի ակադեմիան ու բարելավել խաղային մոդելը: Առաջին թիմում հայտնվելուց առաջ պատանի ֆուտբոլիստները պարտադիր պետք է սովորեն այն ոճով խաղալ, որը դավանում է ակումբը:

«Ռեալը» շատ լավ ձեռքբերումներ է կատարել: Ներկայումս մադրիդցիները գերիշխում են բոլոր խաղային գործոններում` հակագրոհներում, դիրքային խաղում… Նրանք խաղացողների շատ լավ ընտրություն ունեն, ովքեր ֆիզիկապես հզոր ու դիմացկուն են: Բացի այդ, ֆուտբոլիստները հավատում են Զիդանին:

Ինձ դուր է գալիս, որ «Բարսելոնան» հույս է կապել Վալվերդեի հետ: Նա պատրաստ է այդ աշխատանքին, ահռելի փորձ ունի և ծանոթ է ակումբին: Բոլոր նախադրյալները կան, որ նա հաջողակ կլինի: Վալվերդեի ներկայությունը նշանակում է վերադարձ հին խաղաոճին»,- «The Tactical Room»-ի հետ զրույցում ասել է կատալոնացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում