Յուրա Մովսիսյանը մոտ է Եվրոպա վերադառնալուն

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Եվրոպայում: Rslsoapbox.com-ը, հղում կատարելով «MLS Transfers» թվիթերյան էջին, հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվելու է չեխական «Սլավիա»:

Վարձակալալությունը լինելու է անվճար, իսկ 29-ամյա խաղացողի աշխատավարձի մի մասը շարունակելու է վճարել ամերիկյան ակումբը: Ավելի վաղ Մովսիսյանի ապագան կապվում էր «Լոս Անջելես Գելեքսիի» հետ, սակայն հարձակվողի բարձր աշխատավարձը «վախեցրել» է կալիֆորնիացիներին:

Յուրան ներկայումս ապաքինվում է վնասվածքից, որի պատճառով բաց է թողել ՌՍԼ-ի վերջին մի քանի խաղերը, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական մրցավեճը: ԱՄՆ-ում կարծում են, որ հարձակվողին խաղադաշտ դուրս չեն բերում նաև մոտալուտ տեղափոխության պատճառով:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Պրահայի «Սլավիան» մրցելու է բելառուսական ԲԱՏԷ-ի հետ, որը հետագա պայքարից դուրս թողեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սլավիան» համալրել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` «Զենիթի» նախկին ավագ, պորտուգալացի Դանին, թուրք Հալիլ Ալտինտոպը և ուկրաինացի Ռուսլան Ռոտանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում