«Ափսոս, որ գոլ խփել չեմ կարող». Գևորգ Կասպարովը նոր թիմ ունի (լուսանկար)

«Գանձասար-Կապանի» շարքերն է համալրել դարպասապահ Գևորգ Կասպարովը։ 36-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր,- հաղորդում է կապանցիների մամուլի ծառայությունը:

Կասպարովն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Դվինում», «Լեռնային Արցախում», «Զվարթնոցում», «Փյունիկում», «Ուլիսում», «Միկայում», «Ալաշկերտում», ինչպես նաև իրանական մի շարք այլ ակումբներում։ Երկու օր առաջ նա խզել էր «Ալաշկերտի» հետ պայմանագիրը:

Հայաստանի հավաքականի կազմում նա 24 խաղի է մասնակցել:

«Գանձասարի» մամուլի ծառայության հետ զրույցում Գևորգը պատասխանել է մի քանի հարցերի.

– Բարի գալուստ «Գանձասար-Կապան»։ Շնորհավորում ենք նոր թիմ տեղափոխվելու կապակցությամբ, ինչպիսի՞նն են տպավորությունները։

– Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ուրախ եմ, որ այս թիմում եմ հայտնվել։ Տպավորություններս միայն դրականն են։ Ֆուտբոլիստները, մարզչական կազմը․․․ Մի խոսքով բոլորը լավն են։

– Ինչպիսի՞ թիմ է «Գանձասար-Կապանը»։

– Կապանյան թիմը վերջին տարիներին ցույց է տալիս, որ պայքարում է միայն ամենաբարձր հորիզոնականների համար։ 100 տոկոսով վստահ եմ, որ լավ թիմ եմ տեղափոխվել։ Հուսով եմ, որ իմ լավ խաղով կարդարացնեմ սպասելիքներն, ինչպես ակումբի ղեկավարության, այնպես էլ երկրպագուների։

– Ի՞նչ շարժառիթով ես միանում կապանյան թիմին։

– Շարժառիթս նոր տիտղոսներ նվաճելն է։ «Գանձասար-Կապանը» պայքարում է չեմպիոնության համար։ Իսկ եթե թիմը պայքարում է չեմպիոն դառնալու համար, ապա դա ինքնին շարժառիթ է ցանկացած ֆուտբոլիստի համար։

– Թիմի կոլեկտիվի մասին ի՞նչ կասես։

– Շատերին եմ ծանոթ, ոմանց հետ խաղացել եմ նույն թիմում։ Լսել եմ, որ կապանյան թիմում լավ կոլեկտիվ է հավաքվել։

– Երկրպագուներին ի՞նչ կասես։ Նրանք ի՞նչ պետք է սպասեն Գևորգ Կասպարովից։

– Առաջին հերթին լավ ու հուսալի խաղ՝ «չոր» հանդիպումներ (ի նկատի ունեմ, որ դարպասս պետք է անառիկ պահեմ)։ Ափսոս, որ իմ դիրքն այնպիսինն է, որ գոլ խփել չեմ կարող, հակառակ դեպքում շատ գոլեր էլ խոսք կտայի (ծիծաղում է), սա իհարկե կատակ էր։ Իսկ եթե լուրջ, ապա ամեն ինչ անելու եմ մեր երկրպագուներին ուրախացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում