Նեյմարի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«International champions cup» ընկերական մրցաշարի շրջանակում Նյու Ջերսիում տեղի ունեցավ «Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպումը: «Կապտանռնագույնները» հաղթեցին 2:1 հաշվով:

Առաջին կեսում կատալոնացիները զգալի առավելություն ունեին «ծեր սինյորայի» նկատմամբ, ինչի արդյունքում ընդմիջման գնացին 2 գնդակի առավելությամբ: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Նեյմարը: Հատկապես գեղեցիկ ստացվեց բրազիլացու երկրորդ գնդակը, որը գրանցվեց անհատական հիասքանչ անցումից հետո: Գոլային փոխանցումները կատարեցին Պակո Ալկասերն ու Լիոնել Մեսսին:

Երկրորդ կեսի մեկնարկից առաջ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն փոխեց ամբողջ կազմը: Հիմնական կազմի խաղացողներից ասպարեզ դուրս եկան Լուիս Սուարեսը, Սերժի Բուսկետսը և Ժորդի Ալբան: Մասիմիլիանո Ալեգրին իր թիմի հարձակման առաջատարներ Պաուլո Դիբալային ու Գոնսալո Իգուայինին խաղալու հնարավորություն տվեց վերջին կես ժամվա ընթացքում:

Երկրորդ կեսում թուրինցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Անկյունայինի խաղարկման ժամանակ Դիբալայի փոխանցումից հետո Ջորջիո Կելինին գլխի հարվածով գրավեց դարպասը:

Հետագա ժամանակահատվածում երկու թիմերն էլ գոլ խփելու լավ պահեր ունեին, սակայն հաջող էին գործում դարպասապահները և անհաջող` գրոհող ֆուտբոլիստները:

«International champions cup»
«Յուվենտուս» – «Բարսելոնա»` 1:2
Գոլերը՝ Կելինի (63) – Նեյմար (14, 25)

Հետևեք մեզ նաև Telegram-ում