«Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեալին». Մխիթարյանն անվրեպ էր (տեսանյութ)

ԱՄՆ-ում ընթացող «Չեմպիոնների միջազգային գավաթ» ընկերական մրցաշարի շրջանակում կայացավ «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ուստի նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում անգլիացիներն առավելության հասան 2:1 հաշվով:

Հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացրած առաջին րոպեին, երբ Անտոնի Մարսիալի համարձակ անցումից ու փոխանցումից հետո Ջեսի Լինգարդը մոտ տարածությունից գրավեց անպաշտպան դարպասը:

Երկրորդ կեսում պատասխան գնդակը խփեց Կազեմիրոն, ով իրացրեց 11-մետրանոց հարվածը: Այն վաստակել էր թիմի նորեկ Թեո Էրնանդեսը:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զարմանալիորեն 7 վրիպում գրանցվեց: 4 անգամ դարպասը չկարողացան գրավել «սերուցքայինները» և 3 անգամ` «կարմիր սատանաները»: Արդյունքում, Ժոզե Մոուրինյուի թիմը հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ ընդմիջումից հետո: 28-ամյա ֆուտբոլիստը 11-մետրանոց հարվածաշարում գոլ խփած երեք ֆուտբոլիստներից մեկն էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին իսպանական ու անգլիական թիմերը հանդիպելու են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:

«International champions cup»
«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:1 (11մ 1:2)
Գոլերը՝ Կազեմիրո (69, 11մ) – Լինգարդ (45+1)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում