«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը որակազրկվել է եվրագավաթային երեք խաղով

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային չի մասնակցելու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ խաղին: Եվրոպական ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՈւԵՖԱ) հայտարարել է, որ իվուարցի ֆուտբոլիստին որակազրկել է եվրագավաթային երեք խաղով:

Նման որոշման պատճառ է դարձել Եվրոպա լիգայի 2016-17թթ. խաղարկության կիսաեզրափակչի՝ «Սելտայի» հետ խաղում 23-ամյա ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտը: Նման պատիժ կիրառվել էր, որովհետև Բային արմունկով հարվածել էր գալիսիացիների հարձակվող Յոն Գվիդետիի դեմքին:

Պաշտպանը բաց կթողնի «Ռեալի» հետ խաղն ու Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկության խմբային փուլի առաջին տուրի մրցավեճը: Որակազրկման պատճառով նա արդեն բաց է թողել Եվրոպա լիգայի եզրափակիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում