«Marca». «Ռեալը» 180 միլիոն եվրոյով համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը

«Ռեալը» պայմանավորվածության է հասել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ: Այդ մասին գրում է «Marca» պարբերականը:

Մադրիդցիները ֆրանսիացու տրանսֆերի համար վճարելու են 160 միլիոն եվրո: Եվս 20 միլիոն «կարմիրասպիտակները» կարող են ստանալ պարգևավճարների տեսքով: Աղբյուրը նշում է, որ կա տարբերակ, ըստ որի սկզբում կարող է վճարվել 150 միլիոն եվրո, իսկ 30 միլիոնը կլինի բոնուսների տեսքով: Ամեն դեպքում ընդհանուր գումարը պետք է կազմի 180 միլիոն:

Այդ գործարքը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Ներկայումս ռեկորդը պատկանում է մեկ տարի առաջ Պոլ Պոգբայի` «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, որը կազմել է 105 միլիոն եվրո, գումարած 5 միլիոնի պարգևավճարներ:

Երբ «Ռեալն» ու «Մոնակոն» վերջնականապես պատրաստեն բոլոր փաստաթղթերը, 18-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիների հետ 6 տարվա պայմանագիր կստորագրի: Նրա աշխատավարձը կազմելու է տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 7 միլիոն եվրո:
Սպասվում է, որ տրանսֆերը կձևակերպվի առաջիկա օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում