MLS-ը 4 միլիարդ դոլարի առաջարկ է մերժել

MLS-ի (ԱՄՆ-ի ֆուտբոլի լիգան) ղեկավարությունը հրաժարվել է 4 միլիարդ դոլարով վաճառել առաջնության հեռուստատեսային իրավունքները:

«MP & Silva» միջազգային մեդիահոլդինգն առաջարկել էր 10 տարվա հեռուստատեսային իրավունքների վաճառքի դիմաց 4 միլիարդ դոլար վճարել: Գործարքը պետք է ուժի մեջ մտներ 2023 թվականին, երբ կավարտվեր ESPN-ի Fox-ի և Univison-ի հետ ներկայիս պայմանագրի ժամկետը:

Առաջարկը ներառում էր պայման, ըստ որի MLS-ում պետք է գործի բարձրագույն խմբից դուրս մնալու համակարգ, ինչը հիմա չկա: Այդ պահանջը պայմանավորված է նրանով, որ «MP & Silva»-ի հիմնադիր Ռիկարդու Սիլվան «Մայամի» ակումբի սեփականատերերից մեկն է: Այդ թիմը հանդես է գալիս ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնում: Նոր համակարգը նրա թիմին հնարավորություն կտար դուրս գալու ավելի ուժեղ լիգա:

MLS-ի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ այդ կազմակերպության որևէ առաջարկ դիտարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում