Տրանսֆերային երկու ռեկորդ. Վան Դեյկը տեղափոխվելու է «Լիվերպուլ»

«Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիջիլ վան Դեյկն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դառնալու է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ,- վստահեցնում է «Sky Sports»-ը:

Հունիսի սկզբին մերսիսայդցիներն ակտիվ բանակցություններ էին վարում 26-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչը «սրբերի» ղեկավարությանը ստիպեց բողոքով դիմել ԱՊԼ-ին: Խնդիրն այն էր, որ «կարմիրները» հոլանդացու հետ բանակցելու իրավունք չունեին: Դրանից հետո «Լիվերպուլը» ներողություն խնդրեց ու հրաժարվեց տրանսֆերից:

Այս շաբաթվա ընթացքում հայտնի է դարձել, որ անգլիական գրանդը վերադարձել է Վան Դեյկին ձեռք բերելու մտքին և պատրաստ է նրա համար հսկայական գումար վճարել: Հոլանդացու տրանսֆերը գնահատվում է մոտ 67 միլիոն եվրո (60 միլիոն ֆունտ): Դա կդառնա ինչպես «Լիվերպուլի» պատմության ռեկորդը, այնպես էլ պաշտպանի համար երբևէ վճարված ամենամեծ գումարը: Օրերս այդ ռեկորդը 57,5 միլիոնով սահմանել է «Մանչեսթեր Սիթին»:

Անցած շաբաթ «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն հոլանդացուն հեռացրել էր թիմի կազմից ու չէր հայտավորել Ֆրանսիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Նման որոշման պատճառ էր դարձել պաշտպանի դժգոհությունն իր տրանսֆերը «Լիվերպուլին» չվաճառելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում