«Միլանի» ոճով. «Ինտերը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարում կայացել է «Բավարիա» – «Ինտեր» մրցավեճը: Սինգապուրում անցկացված հանդիպումն ավարտվել է «ներաձուրիի» հաղթանակով` 2:0 հաշվով:

Լուչիանո Սպալետիի սաները հանդես է եկել իրենց համաքաղաքացիների` «Միլանի» մարտավարությամբ, որն օրերս 4:0 հաշվով ջախջախել էր գերմանական գրանդին: «Ինտերը» եզրերով արագ գրոհներ է ձեռնարկել ու գնդակը դեպի կենտրոն ուղարկել, որտեղ մյունխենցիների պաշտպանների անհամաձայնեցված խաղը խուճապի պատճառ է դարձել:

Իտալական թիմի հարձակվող Էդերն առաջին կեսում երկու անգամ գլխի հարվածով գրավել է Սվեն Ուլրայխի պաշտպանած դարպասը: Նրան գեղեցիկ գոլային փոխանցումներ են կատարել Անտոնիո Կանդրևան ու Իվան Պերիշիչը:

Հանդիպման ընթացքում Կարլո Անչելոտիի թիմը հաճախ պաշարել է մրցակցի տուգանային հրապարակը, սակայն իրական գոլային պահերը շատ չեն եղել:

Չեմպիոնների միջազգային գավաթ
«Բավարիա» – «Ինտեր»` 0:2
Գոլերը՝ Էդեր (8, 30)

Հետևեք մեզ նաև Telegram-ում