Բելանիկ. Բիչախչյանն ընտրեց կարիերան, այլ ոչ թե փողը

«Ժիլինայի» մարզական տնօրեն Կարոլ Բելանիկը sport.aktuality.sk-ի հետ զրույցում խոսել է թիմի 18-ամյա նորեկ Վահան Բիչախչյանի մասին: Սլովակիայի չեմպիոնի ներկայացուցիչը պատմել է նաև հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու հանգամանքների ու հեռանկարների մասին:

«Վահանին ձեռք բերելը դժվար էր, որովհետև իրավիճակն արագորեն փոխվում էր: Սկզբում նա եկավ ու տեսավ մեր պայմանները, մարզիչներին, կառավարման միջոցները, ուսման կարգը, մարզադաշտը…Դա առաջին քայլն էր նրան համոզելու համար: Սակայն հետո ի հայտ եկավ Ռուսաստանից (Մոսկվայի «Լոկոմոտիվից»-խմբ.) կատարված լուրջ առաջարկը: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը նա մեր օգտին կայացրեց: Դա խոսում է այն մասին, որ պատանի ֆուտբոլիստն ընտրեց կարիերան, այլ ոչ թե փողը»:

«Ժիլիանյի» ղեկավարությունը պահանջել է, որ գյումրեցին երկարաժամկետ` 5 տարվա պայմանագիր կնքի.

«Այո, այս գործարքը մենք որպես ներդրում ենք դիտարկում: Հարկավոր էր նրա համար ծախսեր կատարել, ուստի պահանջեցինք, որ համաձայնագիրը երկարաժամկետ լինի:

Բիչախչյանին որոշ ժամանակ է հարկավոր կլիմայափոխվելու, նոր միջավայրին հարմարվելու և ուսման հարցերը լուծելու համար, ինչը նրա տարիքում բարդ է լինում: Այդ ամենը ժամանակ կխլի, բայց այդ ներդրումները հետագայում կարող են օգուտ տալ: Վահանը երիտասարդ է ու տաղանդավոր, նրա հետ հույսեր ենք կապում: Վերջիվերջո նա Եվրոպայի լավագույն 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է, դա ինչ-որ բանի մասին խոսում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում