«Բրենդային անունով թիմ». Երևանում կայացավ ֆուտբոլային նոր ակումբի շնորհանդեսը

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի մարզադաշտում (նախկին «Միկա») տեղի ունեցավ նորաստեղծ «Արցախ» ակումբի շնորհանդեսը: Sport.Times.am-ը պատմում է, թե Երևանը ներկայացնող ակումբն ինչպիսին է լինելու:

Մեջբերումներ են արված նաև թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի այսօրվա մամուլի ասուլիսից:

Հիմնադիրը

Ակումբը հիմնադրել է գործարար Սևան Ասլանյանը: Նա արմատներով Արցախից է, սակայն գործունեություն է ծավալում Չեխիայում:

Մարզչական կազմը

Երևանյան թիմը գլխավորելու է Տիգրան Եսայանը: Նրան օգնելու են Տիգրան Գսպեյանը, Ալբերտ Աճեմյանն ու Տիգրան Ոսկանյանը:

Տեխնիկական աջակցություն

«Արցախի» տեխնիկական հովանավորն աշխարհահռչակ «Ռենո» ավտոկոնցերն է: Այդ կազմակերպության անունը նշված է թիմի մարզաշպիկների վրա: Թիմի մարզաշապիկները լինելու են «Nike»-ի արտադրության: Ակումբը համագործակցելու է աշխարհահռչակ այդ կազմակերպության հետ: Արդեն գնվել են 2017 թվականի արտադրության տնային ու արտագնա խաղերի մարզաշապիկների կոմպլեկտները: Տնային հանդիպումներն «Արցախն» անցկացնելու է «Կրասավա» գնդակներով։

Տարբերանշանը

Կազմը

Թիմը կազմավորվել է հիմնականում ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստներից: Տիգրան Եսայանն անձամբ է զբաղվել թիմի կազմավորմամբ: Թիմում շատ են «Բանանցի» նախկին ֆուտբոլիստները:

Նպատակները

«Խնդիր է դրված, որ առաջին տեղով նվաճենք Բարձրագույն խմբի ուղեգիր: Միանշանակ կարծում եմ, որ մեր կազմը համապատասխանում է դրան: Գավաթի խաղարկությունում պայքարելու ենք չեմպիոնի կոչման համար: Դրա համար անհրաժեշտ կադրեր ունենք: Կարելի է ասել, որ երկու համարժեք կազմ ունենք»,- ասաց Եսայանը:

Տնային մարզադաշտը

«Արցախը» տնային խաղերն անցկացնելու է նախկին «Միկա» մարզադաշտում, որը վարձակալելու է ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեից:

Նախապատրաստական շրջան

Թիմը կազմավորվել է հունիսին: Այս ընթացքում մի շարք ընկերական խաղեր են կայացել, որոնցում «Արցախը» հասցրել է գոլազուրկ ոչ-ոքի խաղալ «Բանանցի» ու «Արարատի» հետ: Եսայանի թիմը 0:3 հաշվով պարտվել է իրանական «Պարս Ջոնուբին», 3:0 հաշվով պարտության մատնել «Ալաշկերտ-2»-ին, ինչպես նաև 2:2 հաշվով ավարտել «Ավան Ակադեմիայի» հետ մրցավեճը:

Առաջին խմբում գլխավոր մրցակիցները

««Ավան Ակադեմիայի» հետ արդեն խաղացել ենք, իսկ «Լոռիի» մասին ոչինչ չգիտենք: Միայն այն, որ նրանք ունեն լավ մարզիչ, հանձին` Արմեն Ադամյանի»:

Դավանած ֆուտբոլը

«Իմ թիմը բալանսավորված ֆուտբոլ է խաղալու: Պետք է լավ հարձակվենք ու պաշտպանվենք: Մյուսներից տարբերվելու ենք անհատ ֆուտբոլիստներով ու գրագետ խաղով»:

Նախկինում շատ ակումբներ կարճ կյանք են ունեցել…

«Աստված տա, այս ծրագիրը երկար լինի: Արցախը բրենդ է»:

Աշխատանք երկրպագուներին մարզադաշտ հրավիրելու շուրջ

«Երկրպագուների սպասում ենք մարզադաշտում: Եթե լավ խաղանք, նրանք անպայման կգան: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվելու»:

Sport.Times.am-ին հայտնի դարձավ նաև, որ «Արցախը» մտադիր է ֆան-ակումբ հիմնել, որը ղեկավարվելու է արցախցի ֆուտբոլասերների կողմից:

Լեգինոերնե՞ր, թե՞ տեղացիներ

«Այս մրցաշրջանում խաղալու ենք հայ ֆուտբոլիստներով: Թիմի կազմում լեգիոներներ չեն լինի: Հետագայում համագործակցելու ենք Արցախի ֆուտբոլի մարզադպրոցի հետ»:

Աշխատանք մամուլի հետ

Ակումբը պաշտոնական կայք կունենա, որը գործածության կհանձնվի մոտ երկու ամսից, իսկ մինչ այդ ակտիվություն է պահպանելու ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հ.Գ.

Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ ընկերական խաղ «Արցախի» ու «Էրեբունու» միջև: Տիգրան Եսայանի թիմը հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Կարեն Հարությունյանն ու Վազգեն Երանոսյանը:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում