«Պետք է առաջ քայլ կատարենք Չեմպիոնների լիգայում». «Ալաշկերտը» 2 նորեկ ունի

Նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ «Ալաշկերտը» համալրվեց ևս երկու ֆուտբոլիստներով:

Երևանյան ակումբ են տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպաններ Աշոտ Սարդարյանը և Նաիրի Մինասյանը: Պայմանագրերը նախատեսված են մինչև 2020 թվականը,- գրում է Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքը:

25-ամյա եզրային կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Ժենես» ակումբում: Մինչ այդ Սարդարյանը երկու մրցաշրջան է անցկացրել Երևանի «Փյունիկում», 1 գոլ է խփել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 4 խաղերում` գրավելով Իսլանդիայի հավաքականի դարպասը:

Պայմանագրի ստորագրումից հետո Սարդարյանը կիսվել իր տպավորություններով.

«Հիանալի տպավորություններ ունեմ, թիմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված: Հետևում էի «Ալաշկերտի» մրցելույթներին և կարող եմ ասել, որ շատ լավ թիմ եմ տեղափոխվել: Պետք է պահպանենք չեմպիոնական տիտղոսը և մեկ քայլ առաջ կատարենք Չեմպիոնների լիգայում: Ամեն ինչ կանեմ «Ալաշկերտին» առավելագույնս օգնելու, ինչպես նաև` հավաքականի մարզիչների ուշադրությանը արժանանալու համար»:

21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Նաիրի Մինասյանը, ով ներկայացրել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները, հրավիրվել է նաև ազգային հավաքական, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում:

«Պատրաստ եմ ներդնել ամբողջ ուժերս` «Ալաշկերտի» հաջողություններին նպաստելու համար»,- իր հերթին նշել է Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում