Նեյմարի հրաժեշտի խոսքերը «Բարսելոնային»

«Պարի Սեն Ժերմենի» նորեկ Նեյմարն «Instagram»-ի իր էջի միջոցով հրաժեշտ է տվել «Բարսելոնային», որի կազմում 4 տարի է անցկացրել: 25-ամյա ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել, որում եղել են «բլաուգրանայի» կազմում նրա լավագույն պահերը և կարդացել է իր գրած խոսքերը:

««Բարսելոնայում» խաղալը մանկությանս երազանքն էր: Այդ թիմի ֆուտբոլիստներին էի ընտրում, երբ պատանեկան տարիքում համակարգչով ֆուտբոլ էի խաղում: 21 տարեկանում մեծ հավակնություններով տեղափոխվեցի Կատալոնիա: Մինչ օրս հիշում եմ ակումբում անցկացրած առաջին օրերը, հանդերձարանը, որը կիսում էի կուռքերիս` Մեսսիի, Վալդեսի, Չավիի, Ինյեստայի, Պույոլի, Պիկեի, Բուսկետսի ու շատ ուրիշների հետ:

Ինձ բախտ է վիճարկվել խաղալ բոլոր ժամանակների լավագույն մարզիկի հետ: Վստահ եմ` երբեք նման այլ ֆուտբոլիստի չեմ հանդիպի: Մեսսին դարձավ իմ կուռքը, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մեծ պատիվ էր խաղալ նրա հետ:

Սուարեսի ու Մեսսիի հետ մենք ստեղծեցինք հարձակվողական եռյակը, որը պատմություն կերտեց: Մենք նվաճեցինք հնարավոր բոլոր տիտղոսները և անմոռանալի պահեր վերապրեցինք:

Կատալոնիան իմ հայրենիքն է: Սիրում եմ այդ երկիրը և Բարսելոնա քաղաքը, սակայն մարզիկին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ: Այդ պատճառով կյանքումս երկրորդ անգամ դեմ գնացի հորս կարծիքին: Հայրիկ, ես հարգում եմ քո կարծիքը, բայց սա իմ որոշումն է: Խնդրում եմ աջակցել ինձ, ինչպես միշտ դա արել ես:

«Բարսելոնան» ու Կատալոնիան ընդմիշտ կմնան իմ սրտում, բայց ինձ նոր մարտահրավեր էր անհրաժեշտ: Ընդունեցի ՊՍԺ-ի առաջարկը, որպեսզի նոր նվաճումների հասնեմ ու ակումբին օգնեմ այն տիտղոսները հաղթել, որոնք երկրպագուները սպասում են:

Սիրտս ինձ հուշեց, որ հեռանալու ժամանակն է: Առաջիկա տարիներին ՊՍԺ-ն կդառնա իմ տունը»,- գրել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում