Ինչպե՞ս են Նեյմարը, Բեյլը և «Ոսկե գնդակն» ազդում Մբապեի` «Ռեալ» տեղափոխության վրա

«Ռեալն» ու «Մոնակոն» շարունակում են բանակցել հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ: Վերջին օրերին ակումբների միջև բանակցությունները դանդաղել են մի շարք գործոնների պատճառով, որոնք ներկայացնում է «Marca» պարբերականը:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ կողմ է ֆրանսիացու տեղափոխությանը, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է վաճառել Գարեթ Բեյլին: 45-ամյա մասնագետը նշել է, որ թիմում ուելսցու ներկայությունը կազդի Իսկոյի ու Մարկո Ասենսիոյի խաղաժամանակներիի վրա:

Հուլիսի կեսերին Ֆրանսիայի առաջնության չեմպիոնը մադրիդցիներին հայտնել է, որ պատրաստ է 180 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել 18-ամյա ֆուտբոլիստին: «Ռեալը» համաձայնել է վճարել 150-160 միլիոնը, ինչպես նաև պայմանագրում ներառել 20-30 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճարներ: Կողմերը մոտ են եղել վերջնական համաձայնությանը, սակայն Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ խախտել է նրանց ծրագրերը:

Տրանսֆերային նոր ռեկորդից հետո «Մոնակոն» պահանջել է, որ գործարքում ներառվի ևս մեկ բոնուս: Այն պետք է արժենա 25 միլիոն եվրո և վճարվի այն դեպքում, եթե Մբապեն մադրիդցիների կազմում ստանա «Ոսկե գնդակ» մրցանակը: «Ռեալին» դա դուր չի եկել, ուստի բանակցություններն այս պահին ակտիվ չեն ընթանում:

Այնուամենայնիվ, աղբյուրը հավելում է, որ այս պահին «Ռեալի» երկմտանքն առաջին հերթին կապված է Զիդանի պահանջի հետ: Այդ պատճառով «սերուցքայինները» սկսել են դիտարկել Բեյլի տրանսֆերը վաճառելու տարբերակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում