«Կորցրեցին իմ աջակցությունը». «Բարսելոնան» Նեյմարի հորը չի վճարել «հավատարմության բոնուսը»

«Բարսելոնան» հրաժարվել է հարձակվող Նեյմարի հորը` Նեյմար դա Սիլվային վճարել 2016 թվականին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգման համար նախատեսված պարգևավճարը: Այն պետք է կազմեր 26 միլիոն եվրո:

Կատալոնացիներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են նրանով, որ այդ գումարը նախատեսված է որպես հավատարմության նշան, ինչը չի կարող գործել, քանզի Նեյմարը տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:

«Ինձ չվճարեցին, և ես ոչինչ չկարողացա անել: Չեմ կարող ինձ թույլ տալ շանտաժով զբաղվել: Դրանից հետո «Բարսելոնան» կորցրեց իմ աջակցությունը: Նրանք ցանկանում էին, որ որդուս համոզեմ մնալ թիմում, սակայն իմ նկատմամբ նման վերաբերմունքից հետո դա անհնար էր:

Պարգևավճարի կետը համաձայնագրի պայմաններից մեկն էր: Հենց դրա շնորհիվ հրաժարագինն ավելացավ: Այդ պահը մենք բանավոր հստակեցրել էինք: Բայց եթե մարդիկ չեն հարգում պայմանավորվածությունները, ուրեմն շարունակելու ոչինչ չկա»,- Նեյմար-ավագի խոսքերն է մեջբերում as.com-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի Նեյմար դա Սիլվան ՊՍԺ-ին խնդրել էր տրանսֆերը չգրանցել մինչև հուլիսի 31-ը, որպեսզի «Բարսլեոնայից» «հավատարմության բոնուս» ստանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում