Հարոյանի` խաղի հերոսը դառնալուն 1 րոպե չբավականացրեց (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում «Ուրալը» հյուրընկալվել է «Կրասնոդարին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հաշիվը բացվել է 15-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի ու եկատերինբուրգցիների կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ գլխի հարվածով գրավել է կրասնոդարցիների դարպասը:

Մրցավարի կողմից ավելացրած վերջին` 4-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք են վաստակել, որը հստակորեն իրացրել է Անդրեաս Գրանկվիստը, ինչի հետևանքով Հարոյանին զրկել խաղի հերոսը դառնալու հնարավորությունից:

Մրցաշարային աղյուսակում «Ուրալը» 6 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: «Կրասնոդարը» 7 միավորով 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում