ՊՍԺ-ն կանգ չի առնում. ևս մեկ սուպերտրանսֆեր է սպասվում

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ձեռք բերել «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին: «A Bola»-ն տեղեկացնում է, որ սլովենացու գործակալն արդեն հանդիպել է փարիզցիների ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի պայմանագրի կետերը:

Ֆրանսիական ակումբը պատրաստում է վճարել 24-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում 100 միլիոն եվրո: Դա կդառնա դարպասապահների տրանսֆերների նոր, բացարձակ ռեկորդ: Դարպասապահ ներկայիս ռեկորդը գրանցվել է 2001 թվականին, երբ Ջանլուիջի Բուֆֆոնի համար «Յուվենտուսը» 52 միլիոն եվրո է վճարել «Պարմային»:

Փարիզում մտադիր են աշխարհի լավագույն թիմը ստեղծել: Նրանք արդեն ռեկորդային` 222 միլիոն եվրոյով գնել են Նեյմարի տրանսֆերը: Ակումբում կարծում են, որ ներկայումս թիմի միակ թույլ տեղը դարպասապահի դիրքն է: Կևին Տրապն ու Ալֆոնս Արեոլան չեն արդարացրել սպասելիքները, ուստի որոշվել է հրավիրել Օբլակին:

«Ատլետիկոն» հրաժարվում է բանակցություններ վարել, քանի որ տրանսֆերային արգելքի տակ է ու չի կարող իր առաջի համարի փոխարեն այլ խաղացողի հայտավորել: Սակայն հրաժարագնի վճարման դեպքում մադրիդցիները ոչինչ չեն կարող անել:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն մտադիր է թարմացնել նաև միջին գիծը: Ակումբը լքելուն մոտ են կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ու Փարիզում ձախողված Գժեգոժ Կրիխովյակը:

«L’Equipe»-ը գրում է, որ ֆրանսիացիները ցանկանում են ձեռք բերել «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Դանիլու Պերեյրային: 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության չհասնելու դեպքում, կվճարվի նաև նրա հրաժարագինը: Այն կազմում է 60 միլիոն եվրո:

Ավելի վաղ «վիշապները» հրաժարվել էին 30 միլիոնի դիմաց Դանիլուին բաց թողնել «Յուվենտուս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում