«Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը, որւմ մրցում էին Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալը» և Եվրոպա լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»: Մադրիդցիներն առավելության հասան 2:1 հաշվով: 

Առաջին կեսում «սերուցքայինների» առավելությունը զգալի էր: 16-րդ րոպեին ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո Կազեմիրոյի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Քիչ անց, Դանի Կարվախալի գրոսմայստերական փոխանցումից հետո բրազիլացին կասկածելի խաղից դուրս վիճակից հմտորեն գրավեց Դավիդ Դե Խեայի դարպասը:

Երկրորդ կեսի սկզբում «արքայական ակումբը» կրկնապատկեց հաշիվը: Իսկոն «պատ» խաղարկեց Գարեթ Բեյլի հետ և գնդակը հանգիստ ուղարկեց հեռավոր անկյունը:

Միայն դրանից հետո «կարմիր սատանաները» կերպարանափոխվեցին: Ժոզե Մոուրինյուի կատարած փոփոխությունների շնորհիվ թիմի խաղն ակտիվացավ, ինչը վերածվեց գոլի: Նեմանյա Մատիչի հարվածից հետո Կեյլոր Նավասը մի կերպ փրկեց իր թիմին, սակայն վրա հասած Ռոմելու Լուկակուն չվրիպեց: 

Հանդիպման հետագա 30 րոպեների ընթացքում նոր գոլեր չգրանցվեցին` չնայած երկու թիմերն էլ հրաշալի պահեր ունեին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույններից մեկն էր մանչեսթերցիների կազմում: 28-ամյա ֆուտբոլիստը մի քանի անգամ կարող էր գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալ, եթե նրա թիմակիցները գրոհի եզրափակիչ փուլում ավելի լավ կողմնորոշվեին:

«Ռեալն» իր պատմության ընթացքում 4-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ
«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1
Գոլերը. Կազմիրո (24), Իսկո (52) – Լուկակու (62)

Հետևեք մեզ նաև Telegram-ում