«Ռեալ» – ՄՅՈւ. Զիդանի համեստությունը հաղթեց Մոուրինյուի ինքնավստահությանը

Եվրոպական ակումբային ֆուտբոլի 2017-18թթ. մրցաշրջանը մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղով: Մադրիդցիները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին և նվաճեցին գավաթը, իսկ անգլիական ակումբը հերթական անգամ ձախողվեց կարևորագույն խաղում: Sport.Times.am-ը վերլուծել է այս խաղի առանցքային դրվագները՝ մատնանշելով Մոուրինյուի բարդ տակտիկական գաղափարների անզորությունը Զինեդին Զիդանի գեղեցիկ ու պարզ ֆուտբոլի դեմ:

Մեկնարկային կազմեր և խաղային սխեմա

«Ռեալ»

Մադրիդի «Ռեալը», ինչպես և նախորդ մրցաշրջանի վերջում, խաղում էր 4-3-1-2 տակտիկական սխեմայով: Մոդրիչ – Կրոս – Կազեմիրո՝ կենտրոնում, Իսկոն՝ ենթահարձակվողի դիրքում և առջևում երկու հարձակվող՝ Բենզեմա և Բեյլ, ովքեր անընդհատ շարժման մեջ էին, հաճախակի տեղափոխվում էին եզր՝ այդպիսով ազատ գոտիներ ստեղծելով խաղընկերների համար: Իսկոն Զիդանի «ջոկերն» է: Նրա համար հստակ սահմանված դիրք չկա: Իսկոն շատ լավ կարողանում է ճիշտ դիրք ընտրել թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս: Զինեդին Զիդանի խաղային մոդելում ոչ մի արտասովոր բան չկա: Պարզ և հստակ սահմանված գործողություններ: Ճիշտ մոտեցում մի մարզչի կողմից, որը դեռ նոր է համալրում թոփ մասնագետների շարքերը:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Երբեմն թվում է, թե Մոուրինյուն ինքն էլ է խճճվում իր իսկ մտածած բարդ խաղային սխեմաների մեջ: Այս խաղում ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները այդպես էլ չհասկացան՝ իրենք խաղում են 3 թե 4 պաշտպանով խաղային սխեմայով: Տեսնելով մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին՝ շատերը կպնդեն, որ, իհարկե, Ժոզեն ընտրել էր 4-3-3 տակտիկական դասավորությունը: Սակայն այդպես թվում է միայն առաջին հայացքից: Ամբողջ առաջին խաղակեսը ՄՅՈւ-ն անցկացրեց վառ արտահայտված երեք կենտրոնական պաշտպանով: Այս խաղում պարբերաբար նկատելի էր ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների այսպիսի դասավորությունը.

 

 Դարմիանը ոչ մի դրվագում չէր խաղում ձախ պաշտպանի դիրքում, իսկ Անտոնիո Վալենսիան անհամեմատ բարձր դիրք էր զբաղեցնում խաղադաշտում, քան սովորաբար, երբ հանդես էր գալիս մաքուր աջ պաշտպանի դիրքում: Լինգարդն անընդհատ նահանջում էր ձախ պաշտպանի դիրք, իսկ Դարմիանը տեղափոխվում էր կենտրոն:

Առաջին գոլը

Այս գրոհի ժամանակ Կազեմիրոյին աչքաթող էին արել Լինդելոֆն ու Վալենսիան: Այնպիսի տպավորություն է, կարծես յուրաքանչյուրը մտածում էր, որ բրազիլացուն պետք է հսկի խաղընկերը: Արդյունքում, Կազեմիրոն բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակես

Երկրորդ խաղակեսում պատկերը փոքր ինչ փոխվեց: Լինգարդի փոխարեն խաղադաշտ մտավ Ռեշֆորդը և ՄՅՈւ-ն սկսեց գործել 4-3-3 տակտիկական դասավորությամբ: Սխեման փոխվեց, իսկ մանկունիացիների խաղը՝ ոչ: 7 րոպե անց Իսկոն կրկնապատկեց խաղի հաշիվը: Իհարկե, գեղեցիկ կոմբինացիա ստացվեց, բայց այն արդյունավետ չէր լինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Անտոնիո Վալենսիան ադեկվատ պահվածք դրսևորեր: Նախ այս դրվագը.

 

Անհասկանալի է, թե Վալենսիան ինչ է անում այս կետում: Նա փակել էր հնարավոր խաղից դուրս իրավիճակը, որում կարող էր հայտնվել Իսկոն: Մանկական սխալ, որն ուղղակիորեն ազդեց հանդիպման ելքի վրա:

Իսկ այս դրվագն ամենազավեշտալին է.

Վալենսիան կանգնած, այո, կանգնած, բարձրացրել է ձեռքը՝ այդպիսով «հուշելով» մրցավարներին, որ Իսկոն գտնվում էր խաղից դուրս իրավիճակում: Որևէ այլ դրվագ քննարկելու իմաստ այլևս չկա: Քանի դեռ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներն այսպիսի անփույթ սխալներ են թույլ տալիս, անգլիական ակումբը լուրջ մրցաշարերում հաջողության չի հասնի: Մի բան է՝ խաղալ Հոլանդիայի չեմպիոն «Այաքսի», և բոլորովին այլ՝ Իսպանիայի և ՉԼ-ի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» դեմ:

 

Միհրան Ալեքսանյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում