Մոուրինյու. Մենք թոփ-թիմ ունենք, բայց «Ռեալն» այլ մակարդակում է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն ամփոփել է «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը (1:2):

Մրցավարության մասին

«Պարտվեցինք 1:2 հաշվով, և դա խոսում է այն մասին, որ թիմերի միջև տարբերությունը նվազագույն էր: Մրցակցի գոլերից մեկը գրանցվեց խաղից դուրս վիճակից: Եթե գործեր տեսակրկնությունների համակարգ, հանդիպումը կավարտվեր 1:1 հաշվով:

Երբ Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս եկավ, մրցավարն իր պարտքը համարեց հարգանք ցուցաբերել այդ հրաշալի ֆուտբոլիստին: Ռոնալդուն ցանկացավ տուգանային հարված իրացնել, և մրցավարը հատուկ այդ կապակցությամբ տուգանային հարված նշանակեց»:

«Ռեալի» մասին

«Պրեմիեր լիգայում «Ռեալի» պես թիմերի չենք հանդիպում: Մենք թոփ- թիմ ունենք, բայց «Ռեալը» պարզապես այլ մակարդակում է: Այդ թիմում անհավանական որակներ ունեցող ֆուտբոլիստներ կան: Անհնար է ստեղծել «Ռեալի» նման կիսապաշտպանություն: Եվս մեկ Մոդրիչ, Կրոս, Իսկո և Կազեմիրո պարզապես չկա»:

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մասին

«Երկրորդ կեսում գտանք նրանց համար խնդիրներ ստեղծելու միջոցը: Խաղում էինք այն ֆուտբոլը, որը նրանց դուր չի գալիս:

Գոհ եմ, թե ինչպես իմ թիմն արձագանքեց 0:2 հաշվին: Հետագայում` 1:2 հաշվի ժամանակ, Ռաշֆորդը հիանալի պահ ուներ, երբ մեն-մենակ էր դուրս եկել: Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը, դա հիանալի է»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում