Արոնյանի զարմանալի որոշումը

Արոնյանի զարմանալի որոշումը

Սենթ Լուիսում ընթացող «Սիքնֆիլդ» սուպերմրցաշարում կայացել է 8-րդ տուրը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Պյոտր Սվիդլերի հետ: Կատարված ընդամենը 19 քայլից հետո ոչ-ոքի է գրանցվել:

Սկզբում Լևոնը նախընտրելի դիրք է ունեցել, սակայն հետո ռուս շախմատիստին հաջողվել է այն հավասար դարձնել: Դրանից հետո Արոնյանը երեք անգամ անընդմեջ նույն քայլն է կրկնել, ինչի հետևանքով ինքնաբերաբար ոչ-ոքի է արձանագրվել:

34-ամյա շախմատիստի նման որոշումը տարօրինակ է, որովհետև չեմպիոն դառնալու համար նրան անպայման հաղթանակ էր անհրաժեշտ: Մյուս երկու առաջատարներ Վիշվանաթան Անանդն ու Մաքսիմ Վարշե Լագրավը միմյանց դեմ էին խաղում և նույնպես ոչ-ոքի գրանցեցին: Նման պարագայում` լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը նահանջեց երրորդ հորզիոնական: Վերջին` 9-րդ տուրում նրան հաղթանակ է հարկավոր: Նման արդյունքի հասնելը անչափ դժվար կլինի, որովհետև Լևոնը «սևերով» մրցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

8-րդ տուրում միակ հաղթանակը տոնել է Սերգեյ Կարյակինը, ով առավելության է հասել Ուեսլի Սոյի նկատմամբ: Իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում Կարյակինն ու Կարլսենը նույնպես կարող են չեմպիոն դառնալ, քանի որ ունեն 4,5-ական միավոր, իսկ առաջատար եռյակը` 5:

Հետևեք մեզ նաև Telegram-ում