Հայկական ֆուտբոլի լեգենդը 70 տարեկան է

Հայկական ֆուտբոլի լեգենդը 70 տարեկան է

Այսօր` օգոստոսի 11-ին, հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ, «Արարատի» մարզչական շտաբի ղեկավար Արկադի Անդրեասյանը նշում է իր ծննդյան 70-րդ տարեդարձը,- գրում է երևանյան ակումբի կայքը:

Արկադի Անդրեասյան – հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող։

Ամենահիշարժանը, անկասկած, Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչում նրա խփած գնդակն էր այդ տարիների աշխարհի ուժեղագույն թիմին՝ Մյունխենի «Բավարիա»-ին (1975 թ., մարտի 19 – ին «Հրազդան»մարզադաշտ), երբ Անդրեասյանը օդային մենամարտում հաղթեց աշխարհի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերին և գլխի հարվածով գնդակը ուղարկեց ևս մեկ աշխարհի չեմպիոն՝ Զեպ Մայերի պաշտպանած դարպասը:

Լեգենդար ֆուտբոլիստին շնորհավորել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն: Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ամենայն բարիք,- հաղորդում է President.am կայքը:

«Լինելով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել մարզաձևի զարգացման և տարածման գործում:

Ձեր փայլուն մրցելույթները Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի կազմերում վառ հիշողություններ են թողել մարզասերների շրջանում: Բարձր գնահատականի է արժանի նաև Ձեր երկարամյա մարզչական աշխատանքը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում