Ռիսկային որոշում․ Ի՞նչ է Նեյմարին սպասվում ՊՍԺ-ում

Ռիսկային որոշում․ Ի՞նչ է Նեյմարին սպասվում ՊՍԺ-ում

Փորձենք հասկանալ՝ ի՞նչ մարտահրավերների համար Նեյմարը վճռեց «Բարսելոնայից» տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»։

Պատմության 4 ամենաթանկ տրանսֆերները + 1 զավեշտ

5. Գոնսալո Իգուային («Նապոլի») – գնորդը` «Յուվենտուս» – 90 միլիոն եվրո

4. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – գնորդը` «Ռեալ» – 94 միլիոն

3. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ») – գնորդը` «Ռեալ» – 100 միլիոն

2. Պոլ Պոգբա («Յուվենտուս») – գնորդը` «Մանչեսթեր Յունայթեդ» – 105 միլիոն

1. Նեյմար («Բարսելոնա») – գնորդը`  Նեյմար – 222 միլիոն

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ Խելայիֆին հայտարարել է, որ ֆրանսիացիներն են վճարել բրազիլացու հրաժարագինը, սակայն մինչ այդ «Բարսելոնան» գործարքը Նեյմարի անունով էր նշել, այնպես որ՝ այդ զավեշտը կիսով չափ գործում է:

Ինչո՞ւ Նեյմարը հեռացավ «Բարսելոնայից»

Հարցի պատասխանը միանշանակ չէ։ Նախքան տրանսֆերի պաշտոնական ձևակերպումը բրազիլացու շրջապատի «ջանքերով» մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում՝ «Ցանկանում է դուրս գալ Մեսսիի ստվերից», ««Ոսկե գնդակ» նվաճելու մեծ ցանկություն ունի», «Երջանիկ չէ առանց իր բրազիլացի թիմակիցների…»:

Տրանսֆերից հետո Նեյմարը խախտեց երկար տևած լռությունը և որպես պատճառ նշեց նոր մարտահրավերի հետևից գնալը: Այդ մարտահրավերը կարող է շատ թանկ արժենալ նրա կարիերայի համար, բայց կարող է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումն ապահովել:  

Ամեն ինչ կախված է մեկ գործոնից…

Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի առաջնությունը թոփ-5 լիգաներում ընդգծված վերջին տեղում է: Երկար ժամանակ է Լիգա 1-ն իր «ավագ ընկերներին» գերազանցում է միայն հեռուստատեսային հեռարձակումների որակով: Մյուս գործոններում Ֆրանսիան այնքան հետ է, որ վաղուց տարածված է թոփ-4 լիգաների տերմինը (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա): Ֆրանսիայում ՊՍԺ-ի դեմ պայքար ծավալվեց միայն այն ժամանակ, երբ «Մոնակոյում» գերտաղանդավոր կազմ հավաքվեց, փարիզցիների ընդգծված առաջատարն ուղևորվեց Մանչեսթեր և Ունաի Էմերին չհասցրեց թիմին վերադասավորել: Այժմ «Մոնակոն» լքել են մի շարք առաջատարներ, ինչպես նաև թիմը մոտ է խելահեղ թվով թիմի գլխավոր տաղանդին վաճառելուն:

Նման պարագայում Ֆրանսիայի չեմպիոն դառնալը հեշտ է դառնում, իսկ դրա համար Նեյմարին ոչ ոք «Ոսկե գնդակ» չի տա: Այդ մրցանակը նվաճելու համար նրան հարկավոր է անել մի բան, ինչ նախկինում ոչ մեկի չէր հաջողվել՝ Փարիզի համար հաղթել Չեմպիոնների լիգան: Այդ ժամանակ շատերը կասեն, որ հենց բրազիլացու շնորհիվ դա տեղի ունեցավ, և նույնիսկ չեն հիշի, որ վերջին տարիներին ՊՍԺ-ն շատ է մոտեցել եվրոպական ֆուտբոլի առաջատար եռյակին, և եթե նախորդ մրցաշրջանում տեղի չունենար կատալոնական քամբեքը, «Փարիզը» լրջորեն կհավակներ չեմպիոնի կոչմանը:

Նեյմարի տաղանդի մեծությունը հասկանալու համար Չեմպիոնների լիգան շատ լավ հնարավորություն է, բայց եթե ինչ-որ բան չստացվի, հնարավոր կլինի՞ հեռանալ այլ թիմ, օրինակ` Անգլիա: Ոչ․ ՊՍԺ-ն գումարի կարիք չունի և առաջիկա 5 տարում Նեյմարին չի վաճառի ո՛չ 222, ո՛չ 444 միլիոն եվրոյի դիմաց:

Հրաժարագի՞նը: Ֆրանսիայում Իսպանիայի պես չէ, որտեղ ցանկացած աշխատանքում հրաժարագին սահմանելն օրենքի պարտադիր կետ է: Այնպես որ՝ Նեյմարին պետք է Փարիզում ամեն գնով փայլել, այլապես նա ծանր իրավիճակում կհայտնվի: 

Դեպի «Ոսկե գնդակ» ևս մեկ ճանապարհ կա` աշխարհի չեմպիոն դառնալը: Բայց մի՞թե դրան հնարավոր չէր հասնել՝ մնալով «Բարսելոնայում»․․․

Այնուամենայնիվ, առաջիկայում Նեյմարը կստանա՞ «Ոսկե գնդակը»:

Այո: Բայց դա որևէ կապ չունի ՊՍԺ տեղափոխվելու հետ, քանի որ «Բարսելոնայում» նույնպես նա այդ մրցանակը կստանար, երբ Մեսսին ու Ռոնալդուն դադարեին գերազանցել բոլորին կամ եթե Բրազիլիայի հետ հաղթանակեր Մունդիալում (ցավոք, մեր օրերում միայն հաղթողներին են անհատական մրցանակ տալիս): 

Փախուստ Մեսսիի ստվերից

Շատերը վստահ են, որ Մեսսին խանգարում էր Նեյմարին և չէր թողնում դառնալ «Բարսելոնայի» առաջատարը: Այդպե՞ս է․․․

Նեյմարի` «Բարսելոնայի» առաջատար դառնալու պատկերացմանը խանգարում էր միայն մարդկանց համոզմունքը Լեոյի առաջատար լինելու մեջ: Մի՞թե Մեսսին թիմային ֆուտբոլ չի ցուցադրում։ Վառ օրինակ է նախորդ մրցաշրջանը, երբ Լեոն, տեսնելով, թե Նեյմարի մոտ որքան հաջող են ստացվում խաբքերով թիմի գրոհների զարգացումը, կիսում էր առաջատարի պարտականությունները: Վիճակագրական տվյալներով` 2016-17թթ. մրցաշրջանում մրցակցի կիսադաշտում «Բարսելոնայի» գրոհի համար երկրորդ ամենաշատ գնդակ ստացող ֆուտբոլիստը Նեյմարն էր: Կարծո՞ւմ եք առաջինը Մեսսին էր: Ոչ, Բուսկետսն է:

Պետք չէ մոռանալ նաև, թե ամեն խաղում Մեսսին քանի անգամ էր Նեյմարին հարվածային դիրք դուրս բերում, որոնք զգալիորեն ավելի շատ էին, քան բրազիլացու նմանատիպ փոխանցումները արգենտինացուն: 

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է ասել, որ Մեսսիի հետ խաղալը կարող է միայն մեկ դեպքում անհարմար լինել…. Երբ ինքդ թիմային ֆուտբոլ չես դավանում:

Առասպել. Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ-ի պատասխանն էր Մարկո Վերատիին ձեռք բերելու փորձերին:

Նեյմարի հրաժարագինը 222 միլիոն եվրոյով գնելու ՊՍԺ-ի գաղտնի ծրագրի մասին Goal.com կայքը հայտնել էր դեռ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին:

Տրանսֆերից հետո փարիզցիների նախագահ Նասեր Ալ Խելայիֆին հաստատեց այդ տեղեկությունը. «Նեյմարին հրավիրելու որոշումը դեռ երեք տարի առաջ էինք կայացրել: Այս ընթացքում ճիշտ ժամանակն ու միջոցներն էինք փնտրում: Հուլիսին իմ աշխատակիցներին հրահանգեցի սկսել ծրագրի իրագործումը»:

Ի՞նչ է Նեյմարին սպասվում ՊՍԺ-ում

Փող, շատ փող  Զլատանի հեռանալուց հետո ՊՍԺ-ն հայտարարել էր, որ ակումբի դեմքը որոշող գերաստղ է հրավիրելու: Մեկ տարի առաջ նրանք համապատասխան մարդ չգտան, իսկ այս տարի կարողացան գրավել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Նեյմարն ու իր շրջապատն ամբողջությամբ օգտվելու են միակ գերաստղի այդ կարգավիճակից:

Բացի այդ, վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի», «Ռեալի» ու «Բավարիայի» իրար հաջորդող հաղթանակներից պետք չէ մոլորության մեջ ընկնել։ Այդ «մեծ եռյակի» ու երկրորդ էշելոնի թիմերի միջև տարբերությունն աստիճանաբար կրճատվում է։

Խաղադաշտում նույնպես ամեն ինչ կլինի Նեյմարի կանոններով: Նա ձերբազատվեց կոմբինացիոն ֆուտբոլին («Բարսելոնա») հարմարվելու պարտավորությունից, այսուհետ նա է որոշելու՝ թիմն ինչպես պետք է խաղա, ինչ ռիթմով ու ինչ ոճով: Բրազիլիայում այդ կապակցությամբ շատ դիպուկ են արտահայտվել. «Տակտիկան գոյություն ունի մինչև այն պահը, երբ գնդակը ստանում է Նեյմարը»:

Ամփոփում

Փարիզում նա կլինի առաջատարը, խաղարկողը, ռմբարկուն, վինգերը, ստրայկերը, ամեն ինչ: Կարծես հենց դա էր նրա երազանքը: Երազանք, որը կիրականանա «Անժեի», «Բորդոյի» ու լավագույն դեպքում կիսաքանդված «Մոնակոյի» հետ հանդիպումներում: Երազանք, որի համար նա սուպերկլասիկոն փոխարինեց «Գենգամի» հետ խաղով։

Պատմական տրանսֆերից հետո Գարի Լինեկերը հայտարարեց. ««Բարսելոնայից» հետո ճանապարհը միայն ներքև է տանում»:

Նեյմարն ընտրել է իսկապես ռիսկային ճանապարհ, բայց միայն ժամանակը ցույց կտա՝ այն դեպի անդո՞ւնդ է ձգում, թե՞ դեպի ֆուտբոլային փառքի գագաթնակետ։

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում