Անկյունայիններ և Ֆալկաո. «Մոնակոյի» «թեթև զբոսանքը» Դիժոնում (տեսանյութ)

Անկյունայիններ և Ֆալկաո. «Մոնակոյի» «թեթև զբոսանքը» Դիժոնում (տեսանյութ)

Լիգա 1-ի երկրորդ տուրում չեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվել է «Դիժոնին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնել (4:1):

«Կարմրասպիտակների» հաղթանակին հիմնականում երկու գործոն է նպաստել` Ռադամել Ֆալկաոն և անկյունայինի խաղարկումները: Կոլումբացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Հատկապես գեղեցիկ է ստացվել նրա երկրորդ գոլը, որը գրանցվել է «օդապարիկային» հարվածով:

Լեոնարդու Ժարդիմի թիմի չորս գոլից երեքն արձանագրվել են անկյունայինի խաղարկումների ժամանակ: Ֆալկաոյից զատ աչքի է ընկել նաև կենտրոնական պաշտպան Ժեմերսոնը, ով մկրատ տեսակի հարվածով հիասքանչ գոլ է խփել: «Դիժոնի» կազմում միակ գնդակը հեղինակել է Ուեսլի Սաիդը, ով օգտվել է Ռոմեն Ամալֆիտանոյի գեղեցիկ փոխանցումից:

Այդ հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակեց 6 միավոր և այժմ «Լիոնի», «Մարսելի» ու «Սենտ Էտիենի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այդ թիմերին կարող են հավասարվել ՊՍԺ-ն կամ «Գենգամը», որոնք այսօր մրցելու են միմյանց հետ:

«Դիժոնը» երկրորդ պարտությունը կրեց, ուստի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Դիժոն» – «Մոնակո»` 1:4
Գոլերը՝ Սաիդ (43) – Ֆալկաո (3, 37, 51), Ժեմերսոն (25)

Հետևեք մեզ նաև Telegram-ում