Իսպանիայի սուպերգավաթ. Առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի սուպերգավաթ. Առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության` երկրի գավաթակիր «Բարսելոնայի» ու չեմպիոն «Ռեալի» առաջին հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով։

Հաշիվը բացվեց 50-րդ րոպեին, երբ կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն սահանկման ժամանակ գնդակը պատահաբար ուղարկեց սեփական դարպասը: «Սերուցքայինները» կարող էին անմիջապես երկրորդ գոլը հեղինակել, սակայն Դանի Կարվախալի հարվածից հետո Ժորդի Ալբան փրկեց իր թիմին:

Դրանից հետո «բլաուգրանան» պաշարեց «Ռեալի» տուգանային հրապարակը և կարողացավ հավասարեցնել հաշիվը. Լուիս Սուարեսի սիմուլյացիայի արդյունքում նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Լիոնել Մեսսին:

«Բարսելոնան» չէր հասցրել տոնել գոլը, երբ փոխարինման մտած Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Պորտուգալացին գոլը տոնելիս հանեց խաղաշապիկը, ինչի համար դեղին քարտի արժանացավ: Երկու րոպե հետո Ռոնալդուն ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, իսկ գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, համարելով, որ պորտուգալացին սիմուլյացիայի է դիմել, նրան երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և հեռացրեց խաղադաշտից։

10 ֆուտբոլիստով մնացած «Ռեալը» հիմնական ժամանակի վերջին րոպեին արագ հակագրոհ կազմակերպեց, որն ավարտվեց Մարկո Ասենսիոյի ֆանտաստիկ գոլով: Իսպանացին հուժկու հարվածով գնդակն ուղարկեց Մարկ Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասի աջ վերին անկյունը:

«Ռեալը» հաղթեց 3:1 հաշվով ու լուրջ հայտ ներկայացրեց սուպերգավաթին արժանանալու համար: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Մադրիդում:

Իսպանիայի սուպերգավաթ, առաջին խաղ
«Բարսելոնա» – «Ռեալ»` 1:3
Գոլերը` Մեսսի (77 / 11մ) – Պիկե (50, ինքնագոլ), Ռոնալդու (80), Ասենսիո (90)

Հետևեք մեզ նաև Telegram-ում