«Էլ Կլասիկո». «Բարսելոնայի» պարտության ու «Ռեալի» հաղթանակի պատճառները

«Էլ Կլասիկո». «Բարսելոնայի» պարտության ու «Ռեալի» հաղթանակի պատճառները

Իսպանական ակումբային ֆուտբոլի հերթական մրցաշրջանը մեկնարկեց Սուպերգավաթի շրջանակում անցկացվող Էլ Կլասիկոյով: Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալը»՝ պատասխան տնային հանդիպումից առաջ լուրջ առավելություն ապահովելով: Այս խաղը հարուստ էր գեղեցիկ գոլերով, սիմուլացիա(ներ)ով, դեղին ու կարմիր քարտերով, մրցավարական սխալներով և, իհարկե, տակտիկական թե՛ գրագետ, թե՛ անփույթ գործողություններով:

Մեկնարկային կազմերը

«Ռեալ»

Արդեն վստահ կարելի է ասել, որ Զինեդին Զիդանը վերջնականապես փոխել է իր թիմի խաղային սխեման: «Ռեալը» նախորդ մրցաշրջանի վերջնամասում 4-3-3-ից անցավ 4-3-1-2-ին, որն էլ արդեն դարձել է հիմնական: Խաղային սխեմա, որը հնարավորություն է տալիս Իսկոյին օգտագործել իր համար լավագույն՝ ենթահարձակվողի դիրքում, Ռոնալդուին տեղափոխել հարձակման կենտրոն, ցանկացած պահի վերադասավորվել թե՛ 4-4-2 –ի, թե՛ 4-3-3-ի՝ առանց փոխարինում կատարելու:

«Բարսելոնա»

Կատալոնական ակումբում, չնայած մարզչական փոփոխությանը, խաղային սխեման մնացել էր նույնը: Ավանդական դարձած 4-3-3, որտեղ Նեյմարի փոխարեն աջ եզրում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Ժերար Դեուլոֆեուն: Հարց է առաջանում` ինչու՞ նա, ոչ թե Դենիս Սուարեսը: Ֆուտբոլիստ, որն ավելի ճկուն է, կարելի է ասել, ավելի խելացի և, որ ամենակարևորն է, խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ՝ ի տարբերություն Դեուլոֆեուի: Վերջինիս մոտ գնդակից բաժանվելն ու պատասխանատու պահերին փոխանցում կատարելը, մեղմ ասած, լավ չի ստացվում:


Լինենք անկեղծ՝ Պիկեի ինքնագոլի ժամանակ ո՛չ Մարսելոն ինչ-որ արտասովոր փոխանցում կատարեց, ո՛չ էլ Պիկեն որևէ սխալ թույլ տվեց: Իսկ ահա «Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպանները այս դրվագում, կարծես, չէին ցանկանում օգնել պաշտպանության գծի ֆուտբոլիստներին:

Նկատեք, տուգանային հրապարակի երկու տարբեր կետերում ՝ տուգանային հրապարակի անկյան մոտ և կենտրոնական հատվածում, մադրիդցիները ունեն թվային առավելություն: Եթե նույնիսկ Պիկեն ինքնագոլի հեղինակ չդառնար, ապա, ամենայն հավանականությամբ. գրոհը կեզրափակեր Ռամոս-Վարան-Կրոս եռյակից որևէ մեկը՝ առանց որևէ դիմադրության հանդիպելու: Ինյեստան, Ռակիտիչը, Դեուլոֆեուն պարզապես հետևում էին մրցակցի գրոհին: Սա հակագրոհի արդյունք չէ, այնպես որ՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ժամանակ ունեին ճիշտ դիրք զբաղեցնելու համար:

Թերևս շրջանցենք «Բարսելոնայի» խփած գոլը, քանի որ քննարկելու ոչինչ չկա, ամեն ինչ պարզ էր հենց առաջին հայացքից: Նույն տրամաբանությամբ շրջանցենք Կրիշտիանու Ռոնալդուի երկրորդ դեղին քարտի դրվագը: Այստեղ առանցքային է նրա պահվածքը խփած գոլից հետո: Պորտուգալացին մարզաշապիկը ցուցադրելու համար հանեց այն՝ լավ իմանալով, որ պատժվելու է դեղին քարտով: Էմոցիոնալ, բայց ոչ տրամաբանված պահվածք, որն էլ որոշ չափով «նպաստեց» հեռացմանը:

Վերադառնանք խաղին և Ռոնալդուի խփած գոլին:

«Բարսելոնայի» դիրքային գրոհներից մեկի ժամանակ՝ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում, կատալոնացիները կորցնում են գնդակը, և մադրիդցիները սկսում են իրենց հակագրոհը: Նկարում հստակ երևում է, որ Սերժի Բուսկետսը բացի գրոհը տեղում խափանելուց ուրիշ ոչինչ անել չի կարող, քանի որ շատ հեռու է գտնվում «Ռեալի» 3 խաղացողներից: Թե ինչպես էր ստացվել, որ «Ռեալի» հարձակման գծի 3 ամենավտանգավոր ֆուտբոլիստները մնացել էին միայնակ մեկ մրցակցի դեմ, անհասկանալի է: Սա պարզապես աններելի է: Չի կարելի Մադրիդի «Ռեալի» պես թիմի դեմ այսպես պաշտպանվել:

 

Երկրորդ, թեկուզ, փոքր սխալը, Պիկեն թույլ տվեց: Նա պետք է փակեր Ռոնալդուի ճանապարհը ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց կողմով: Եթե նույնիսկ Պիկեն չկռահեր, և պորտուգալացին շարժվեր առաջ, միևնույնն է, սուր անկյան տակ դժվար թե որևէ վտանգավոր գործողություն կատարեր:

«Ռեալի» երրորդ գոլը ևս հակագրոհի արդյունք էր, որի սկզբում այսպիսի իրավիճակ էր տիրում դաշտի կենտրոնում:

Պարզ է, որ կատալոնացիները ուզում էին փրկել խաղը, ամբողջ ուժով նետվել էին առաջ, բայց թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պետք է հիշեր, որ սա երկխաղյա դիմակայություն է։ Իսկ հիմա Ասենսիոյի խփած գոլը կարող է որոշիչ լինել:

Հետևություն

Չնայած Ռոնալդուի բացակայությանը՝ «Ռեալը» պատասխան խաղում խնդիրներ չի ունենա: Այս խաղում որակազրկված Մոդրիչի փոխարեն դաշտի կենտրոնում խաղում էր Մատեո Կովաչիչը: Խորվաթ ֆուտբոլիստը անհատապես հսկում էր Լեո Մեսսին և, կարելի է ասել, ճակատագրական սխալներ թույլ չտվեց: Մյուս խաղում, կարծում եմ, Զիդանը նույն կազմը դուրս կբերի խաղադաշտ, միայն Կովաչիչի փոխարեն կխաղա Մոդրիչը:
Իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պետք է լուրջ հետևություններ անի:

Անկասկած, «Ռեալը» համարվում է թե՛ դիմակայության, թե՛ պատասխան խաղի ֆավորիտը, բայց «Բարսելոնան» դեռևս շանսեր ունի: Շատ բան է կախված նրանից, թե պատասխան խաղում ով կխաղա առաջին համարով։

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում