Պաշտոնական. Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով

Պաշտոնական. Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին երկարաժամկետ որակազրկման ենթարկել, – հայտնում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը:

Պորտուգալացին պատժվել է «Բարսելոնայի» հետ սուպերգավաթային առաջին խաղում (3:1) մրցավար Ռիկարդո Բենգոեչեային հրելու համար: Ռոնալդուն նման պահվածք է թույլ տվել, երբ մրցավարը համարել է, որ նա սիմուլյացիայի է դիմել ու երկրորդ դեղին քարտը ցույց տվել:

Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով: ԻՖՖ-ում որոշել են հարձակվողին 4 հանդիպումով պատժել մրցավարին հրելու և մեկով` կարմիր քարտի համար: Այդ պատիժը տարածվում է նաև Իսպանիայի առաջնության ու գավաթի վրա: 

Այսպիսով, Կրիշտիանուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան մրցավեճը, ինչպես նաև Իսպանիայի առաջնության մեկնարկային` «Դեպորտիվոյի», «Վալենսիայի», «Լևանտեի» ու «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղերը:

Հիշեցնենք, որ մրցավարին հրելու համար սահմանված առավելագույն պատիժը 12-խաղյա որակազրկումն էր, իսկ նվազագույնը` 4-ը: 

Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Արքայական ակումբը» բողոքարկելու է որակազրկման որոոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում